Ծիծեռնակաբերդը կհիմնանորոգվի. հուշահամալիրը և թանգարանը բաց կլինեն այցելուների համար

Ծիծեռնակաբերդ. Արխիվային լուսանկար
Ընդհանուր առմամբ հուշահամալիրի հիմնանորոգման համար ՀՀ պետբյուջեից շուրջ 743 մլն ՀՀ դրամ է հատկացվելու:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Հայոց ցեղասպանության հուշահամալիրում այսօրվանից մեկնարկում են հիմնանորոգման աշխատանքներ: Տեղեկությունը հայտում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Հիմնանորոգման աշխատանքների համար հատկացումներն արվելու են ՀՀ պետական բյուջեից՝ շուրջ 743 մլն ՀՀ դրամ։
Նախարարությունից վստահեցնում են՝ հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար:
Հաշվի առնելով, որ հաջորդ տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը, հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու են 2 հիմնական փուլով՝ նախատեսված միջոցառումների ընթացքը և հուշահամալիրի գործունեությունը չխաթարելու նկատառումով։
«Առաջին փուլում, ըստ հիմնանորոգման նախագծի, ներառված են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման աշխատանքները, որի շրջանակում նախատեսվում է գործարկել ոռոգման կաթիլային համակարգ։ Այդ նպատակով նախատեսվում է ջրամբարի և պոմպակայանի կառուցում:
Հուշահամալիրը ապահովված չէ դրենաժային համակարգով, տասնամյակներ շարունակ տեղի է ունեցել անձրևաջրերի ներթափանցում՝ քայքայելով կրող կառուցվածքային հենարանները և թեք մույթերը: Այդ ամենն առաջացրել է քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ: Ջրահեռացման խնդիրներ կան նաև թանգարան-ինստիտուտի շենքում: Առաջին փուլի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը»,- ասված է հաղորդագրությունում։
Հայոց ցեղասպանության թանգարանը համիդյան ջարդերի մասին արժեքավոր արխիվային նյութեր է ստացել
Նշվում է, որ երկրորդ փուլով կընթանան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, այդ թվում՝ վարչական մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները, որոնց մեկնարկը նախատեսվում է 2025թ. կեսից:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած շինարարության բաց մրցույթում հաղթող է ճանաչվել «Բիդեք» ՍՊԸ-ն։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է «Սեյսմշին» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն:
Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։