ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Երիտասարդների շրջանում տարածված նոր թրենդը հասել է դիվանագիտական բանակցությունների դաշտ։ Քվադրոբերների թեման քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը երկու երկրների ղեկավարներին սպասելիս: Եվ այս զրույցը դարձավ օրվա ամենաքննարկվող թեմաներից մեկը։
«Իսկ դուք քվադրոբեր ունե՞ք։ Երեխաները հագնվու՞մ են շների նման: Գլխավոր նորությունն է, քայլո՞ւմ են կենդանիների պես»,- հարցրել Է Լավրովը Միրզոյանին։
Նա էլ անկեղծորեն խոստովանել է՝ չի տեսել, բայց ծանոթ է։ Իսկ ՌԴ-ում ՀՀ-ի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը ցուցադրել է թրենդների իր իմացությունը և պատմել, որ «Եվրոպայում նրանք արդեն որպես առանձին սեռ են հայտարարվում։ Մոտ 70 նոր տեսակ է հայտնվել»։
Օրվա վերջում և սոցիալական ցանցերում բուռն իրարանցումից հետո լրագրող Պավել Զարուբինը Լավրովին հարցրեց՝ արդյոք նրան հետաքրքրո՞ւմ է Հայաստանում քվադրոբերների ճակատագիրը և ինչո՞ւ է հենց այդ թեմային որոշել անդրադառնալ հայ գործընկերոջ հետ բանակցություններից առաջ: Պարզվել է, որ ամեն ինչի մեղավորը համացանցն ու տեսանյութն է, որը դիտել է ռուս նախարար։ Բնականաբար, նրան հետաքրքրում էր, թե արդյոք Հայաստանում էլ կան, պարզվեց՝ կան։
Հարցին, թե արդյոք պետք է պայքարել դրանց դեմ, թե արգելել, Լավրովը հայտարարել է, որ օրենսդիրներն աշխատում են այդ ուղղությամբ, և ինքը լիովին վստահում է նրանց:
Ավելի վաղ պատգամավոր Յանա Լանտրատովան հայտնել էր, որ Պետդումայում սկսել են օրինագիծ մշակել ապակառուցողական գաղափարախոսության, այդ թվում՝ քվադրոբերիզմի քարոզչությունն արգելելու համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանում քվադրոբերների համայնքներ կան, և նրանք այնքան էլ անվնաս չեն, որքան թվում է առաջին հայացքից։
«Քվադրոբերիզմը» երիտասարդական ենթամշակույթ է, որի ներկայացուցիչները շարժվում են չորեքթաթ և ընդօրինակում կենդանիների շարժումները: