ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. ԱՊՀ նեղ ձևաչափով հանդիպման ընթացքում բովանդակալից քննարկում է կայացել Հարավային Կովկասում շուտափույթ կարգավորման հարցերի շուրջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ պատասխանելով Sputnik տեղեկատվական գործակալության հարցին։
«Բոլոր պետությունների ղեկավարները, հատկապես ուզում եմ ընդգծել այս փաստը, նրանց (Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավրաներին-խմբ.) մաղթել են որքան հնարավոր է շուտ փոխադարձ համաձայնության գալ։ Ուրախացնող էր նաև այն, որ երկու երկրների ղեկավարները իրենց կողմից նույնպես բավականին դրական կանխատեսումներ հայտնեցին (համենայն դեպս` իմ կարծիքով) այն մասին, որ խաղաղության պայմանագիրը շատ չի ուշանա։ Իհարկե, կոնկրետ ժամկետներ չեն նշվել, քանի որ բոլորը գիտակցում են այս գործընթացի բարդությունը։ Սակայն բոլոր նիստի բոլոր մասնակիցները հույս հայտնեցին, որ խաղաղ գործընթացն ավարտին կհասնի մոտ ապագայում»-նշել է Լեբեդևը։
Հանդիպման բոլոր մասնակիցները հույս են հայտնել, որ պայմանագրի ստորագրումը զգալիորեն կբարելավի իրավիճակը Հարավային Կովկասում և կնպաստի տնտեսական համագործակցության ակտիվացմանը, այդ թվում` տարածաշրջանից դուրս։
Սերգեյ Լեբեդևը հավելել է, որ այս համաձայնության շնորհիվ լայն հնարավորություններ են բացվում տնտեսական համագործակցության ընդլայնման և ակտիվացման համար, կբացվեն տրանսպորտային միջանցքները, ինչը շատ կարևոր է։
Հարցին, թե ինչպես է մեկնաբանում այն փաստը, որ Հայաստանը չի ստորագրել որոշ հայտարարություններ, Լեբեդևը նշել է, որ իր տեղեկություններով հայկական կողմը «գրեթե բոլոր փաստաթղթերին հավանություն է տվել»։
Նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանը չի միացել ընդունված հայտարարություններից երկուսին` «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցառումների անթույլատրելիության մասին»։