ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. «Դոմուս» ընկերությունը հոկտեմբերի 7–ին տեղի ունեցած հրդեհի արդյունքում, նախնական տվյալներով, կրել է շուրջ 800մլն դրամի գույքային վնաս։ Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
«Կատարվում է նախաքննություն՝ հրդեհի առաջացման պատճառները, պատճառված գույքային վնասի իրական չափերը, ինչպես նաև հակահրդեհային անվտանգության պահանջների պահպանվածության հանգամանքները պարզելու ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հրդեհի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
Հիշեցնենք, որ Երևանի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետում բռնկված հրդեհի մասին ահազանգը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ստացվել է հոկտեմբերի 7-ին, ժամը 12։57-ին։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։ Հրդեհը տարածվել է ոչ միայն «Դոմուսի» պահեստի հատվածում, այլև խանութի։ Այրվել է կահույք, տեխնիկա, շինանյութ։ Զոհեր և տուժածներ չկան. մինչ հրդեհի տարածումը բոլոր աշխատակիցներն ու այցելուները հասցրել են դուրս գալ շենքից։