Ռուսաստանցիների ստարտափը Հայաստանում նոր բժշկական սարք է մշակել

Ֆոտոնիկայի և արհեստական բանականության տեխնոլոգիաների հիման վրա Իգոր Բալաշովը և նրա գործընկերները մի սարք են ստեղծել, որը բուժառուներին թույլ կտա նույնիսկ տնային պայմաններում մեզի անալիզ անցկացնել՝ ստուգելով բակտերիաների, գլյուկոզայի և այլ ցուցանիշները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. «Գլխավոր ակադեմիկոս Իոֆեն ապացուցել է՝ կոնյակին ու սուրճին կփոխարինի սպորտային պրոֆիլակտիկան»։ Առավոտյան մարմնամարզության մասին Վիսոցկու կատակ-երգի այս խոսքերը մասամբ իրականացել են Իգոր Բալաշովի և ստարտափում նրա գործընկերների համար, որոնք ֆոտոնիկայի վրա հիմնված վերլուծական գործիքներ են մշակում: Ֆիզիկայի այս հեռանկարային ուղղությունը կարելի է անվանել «լուսային Էլեկտրոնիկա». այստեղ հիմնական գործիքը ոչ թե էլեկտրոններն են, այլ ֆոտոնները (լուսային ճառագայթի ամենափոքր մասնիկները)։
Բալաշովի, Անդրեյ Գրունինի և ստարտափի մյուս մասնակիցների ստեղծած վերլուծիչը թույլ էր տալիս բավականին բարձր ճշգրտությամբ որոշել տարբեր նյութերի առկայությունը սուրճի և գինու մեջ՝ ըստ դրանց գունային սպեկտրի (այսինքն՝ գույնի երանգներով)։
Հայաստանում միջազգային ներդրողների համար ստարտափներում ներդրումների նոր ճանապարհ կբացվի
Բայց պարզվեց, որ գնորդները շատ քիչ են․ արտադրողները ավելի բարդ ու ավելի թանկարժեք, բայց և ավելի ճշգրիտ սարքավորումներ ունեն, իսկ սպառողները կարիք չունեն իմանալ, թե քանի տոկոս տանիններ կամ ախաջրածիններ է պարունակում իրենց մի բաժակ սուրճը կամ մի գավաթ գինին։ Մնում էր միայն սարքը վաճառել զարգացած սրճարաններին կամ բարերին՝ որպես հետաքրքիր նորույթ, իսկ այդպիսի շուկան արդեն իսկ սահմանափակ է։ Այդ պատճառով էլ գինուց ու սուրճից անցան․․․ մեզին։
«Սարքը հենց այնպես է մտածված, որ դրանից կարող է օգտվել ցանկացած մարդ՝ առանց հատուկ գիտելիքների։ Բավական է հեղուկով տարան մտցնել սարքի մեջ և արդյունքները ստանալ սմարթֆոնի էկրանին։ Վերլուծության համար որևէ ռեագենտ ավելացնելու կարիք չկա»,-ասում է «Uray» նախագծի համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Բալաշովը:
Սարքը թույլ է տալիս վերլուծել մոտ 20 պարամետր (բիոմարկեր)՝ pH, լեյկոցիտներ, բակտերիաներ, գլյուկոզա և այլն։ Անալիզը տևում է ընդամենը 10 վայրկյան: Դրա արդյունավետությունը փոքր-ինչ զիջում է լաբորատոր սարքերին, սակայն, Բալաշովի խոսքով, միանգամայն բավարար է արագ, առաջնային սքրինինգի համար, որը կարելի է անցկացնել պոլիկլինիկայում կամ տանը։
«Եթե համեմատենք թեստային շերտիկների հետ, դրանք նույնպես հեշտ է օգտագործել, բայց դրանց տվյալները, նախ, պակաս ճշգրիտ են, երկրորդ՝ արդյունքներն ինքնըստինքյան չեն պահպանվում (եթե ինքնուրույն չգրես)»,– ավելացնում է Իգորը։
Բալաշովն ինքը Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ է, մինչ Երևան տեղափոխվելը այնտեղ էլ ասպիրանտուրա է ընդունվել։ Նրա հետ թիմում մի քանի ֆիզիկոս և ծրագրավորող է աշխատում, որոնք տեղափոխվել են Հայաստան և Սինգապուր։ Նախատիպերը հավաքում են Երևանում. դրանց բաղադրիչները ստարտափն ինքն է նախագծում, իսկ արտադրությունը պատվիրում է Եվրոպայում և Չինաստանում:
Նախագծում առայժմ հայեր չկան, բայց ակտիվ համագործակցություն կա տեղական բժշկական համայնքի հետ։ Նախակլինիկական փորձարկումներն անցնելու համար մի քանի նախատիպերի վրա ստիպված են եղել տասնյակ հազարավոր անալիզներ անցկացնել տարբեր բուժհաստատություններում՝ Հայաստանում, Բելգիայում, Սինգապուրում և Ինդոնեզիայում։ Հիմա նախագիծը վերջնագծին է հասել․ վաճառքները նախատեսվում է սկսել մի քանի ամսից։ Բալաշովի թիմն ուզում է միջազգային սերտիֆիկացում ստանալ Սինգապուրում (այնտեղ դա անելն ավելի արագ և էժան է, քան ԵՄ-ում և ԱՄՆ-ում):
«Հրեշտակ» ներդրողները Հայաստան գալ չե՞ն ուզում․ ինչպես պահպանել դիրքերը ստարտափի հարցում
Մշակողները մտադիր են ապագայում իրենց AI-մոդելին «Միջնադարի պատմություն» խորհրդային դասագրքի նկարի առաջադրանքը տալ՝ «Բժիշկը որոշում է հիվանդի վիճակը մեզի գույնով» մակագրությամբ: Այդ նպատակով ծրագիր կներբեռնվեն հազարավոր պատկերներ և ախտորոշումներ։
«Մեքենայական ուսուցումը «սև արկղ» է. երբեք մինչև վերջ չգիտես, թե ինչպես կաշխատի։ Գուցե մոդել ստեղծենք, որը սպեկտրի որոշակի երանգները կապում է որոշակի հիվանդությունների հետ»,-ասում է Իգորը:
Իգորը նշում է` եթե չստացվի, ոչինչ, առանց դրա էլ արդեն բավականաչափ ուսումնասիրության նյութ է հավաքվել: Դրա հիման վրա մշակողները գիտական հրապարակում են նախապատրաստում:
Նախագիծը ներկայացվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) կողմից Երևանում անցկացվող ամենամյա DigiTec ցուցահանդեսին:
Ինչպես հիմնել ճիշտ բիզնես. ՌԴ-ում մեծ փորձ ունեցող հայ մենեջերը ստարտափ է ստեղծել ՀՀ–ում