ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքին 2026 թ. «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» պատվավոր կարգավիճակ կտրվի։ Այդ մասին որոշումն ընդունվել է այսօր Մոսկվայում ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ անցկացված նեղ և ընդլայնված կազմերով անցկացված նիստի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ գործունեության օրակարգային հարցերի քննարկմանը։
«Նիստի արդյունքներով ՀՀ մասնակցությամբ ընդունվող փաստաթղթերից նախարար Միրզոյանն անդրադարձել է Մեղրի քաղաքին 2026 թվականին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» պատվավոր կարգավիճակ տալու որոշմանը՝ ընդգծելով նաև քաղաքի հնագույն մշակութային ժառանգությունը»,– ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80–ամյակի առիթով 2025 թ․ անցկացվելիք միջոցառումներին՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ֆաշիզմի, ռասսայական խտրականության, անհանդուրժողականության դեմ պայքարում հայ ժողովրդի ունեցած ներդրումը։
Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին շրջանի հիմնական զարգացումներին:
Վաղը Մոսկվայում կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների նիստը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։