ՀՀ–ում 2024 թ. 8 ամսում ավելի քիչ մարդ է ծնվել, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում

Նորածին. Արխիվային լուսանկար
Այս տարի նաև ավելի շատ են մահացել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. 2024 թ. 8 ամսում ավելի քիչ մարդ է ծնվել, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Ըստ կոմիտեի ներկայացրած տվյալների` 2024 թ. հունվար–օգոստոս ամիսներին Հայաստանում ծնվել է 21 876 մարդ, մինչդեռ 2023 թվականին ծնվել է 23 597 մարդ։
Այս տարի ավելի շատ են մահացել, քան նախորդ տարի. 2024 թ. 8 ամսում մահացել է 17 213, 2023 թվականին` 16 409 մարդ։
2024 թվականին և նախորդ տարի ամուսնությունների թիվը գրեթե նույնն է եղել` 2024 թվականին` 10 405, 2023 թվականին` 10 691 դեպք։ Այս տարի Հայաստանում ամուսնալուծությունների թիվը ևս նախորդ տարվա համեմատ շատ չի տարբերվել` 2024 թ. 3 041, 2023 թ. 2 949 դեպք։
Ըստ բնակչության բնական շարժի և «Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով» ստացված սահմանային գրանցումների վերաբերյալ նախնական տվյալների` 2024 թ. 8 ամսում ՀՀ է մուտք գործել 3 169 964 մարդ, դուրս է եկել 3 168 452–ը։
Դեպի Հայաստան և մեր երկրից ավելի շատ մեկնել են Ռուսաստան, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Ուկրաինա, Հնդկաստան, Ֆրանսիա, Չինաստան, Գերմանիա և այլն։