ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում տեղի ունեցած համերգից հետո տեղի ունեցած հրավառությունն ապօրինի է եղել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նշենք, որ օրենսդրությամբ Երևանում արգելված է ցանկացած հրավառություն, բացառությամբ այն դեպքերի, երբ կա քաղաքապետի թույլտվությունը։
«Կարծում եմ` մի քանի օր առաջ տեղի ունեցած համերգի շրջանակում հրավառության հարցը պետք է քննարկել ներքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ։ Սա այն միջոցառումներից էր, որ վստահաբար հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում»,– նշեց Ավինյանը։
Նա հանձնարարեց արձանագրություն կազմել այդ մասով։