Գրիգոր Մինասյանը վերադարձել է «AM» իրավաբանական ընկերություն, նշանակվել կառավարիչ–բաժնետեր

Գրիգոր Մինասյանը ՀՀ նախագահի հրամանագրով հոկտեմբերի 2–ին ազատվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը նշանակվել է «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ–բաժնետեր։ Տեղեկությունը հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։
«ՀՀ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը վերադառնում է «AM» իրավաբանական ընկերություն: Նա ընկերության բաժնետերերի կողմից նշանակվել է ընկերության կառավարիչ–բաժնետեր»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Գրիգոր Մինասյանը «AM» իրավաբանական ընկերության կառավարումը իրականացրել է ընկերության հիմնադրման պահից մինչև 2022 թ. պետական պաշտոն ստանձնելը: Իրավաբանական ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։
Մինասյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ստորագրահավաք է սկսվել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար. ԶԼՄ-ներում նշվում էր, որ պատգամավորները դժգոհ են նախարարի կադրային քաղաքականությունից։ Դրան հաջորդեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը։ Օրեր անց՝ հոկտեմբերի 1-ին, հրաժարականի մասին հայտարարեց արդեն ինքը՝ Գրիգոր Մինասյանը։