ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս պահին երկրում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հնարավորություն չի տեսնում․ կառավարությունը կենտրոնացած է տնտեսական խնդիրների լուծման վրա։ Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Parti) կուսակցական խմբի նախագահ Աբդուլլահ Գյուլերը:
Hürriyet թերթն ավելի վաղ գրել էր, որ Թուրքիայում նախագահական արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ 2028 թվականից մեկ տարի կամ կես տարի առաջ, գործող նախագահ Թայիփ Էրդողանը կարող է կրկին դառնալ ամենաուժեղ թեկնածուն։
«Ես նման հնարավորություն չեմ տեսնում։ Պարոն նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողանը,–խմբ.) նույնպես չի տեսնում։ Մենք կենտրոնացած ենք մեր աշխատանքի վրա: Մենք ունենք ընթացիկ առաջնահերթ խնդիր, ըստ մեր միջնաժամկետ ծրագրի՝ տնտեսություն, սպառողական զամբյուղ, գնաճ, բյուջեի մնացորդ, արտարժույթի մնացորդ և ընթացիկ հաշվի դեֆիցիտի մնացորդ»,- հայտարարել է Գյուլերը։
Նա հավելել է՝ ընտրությունների անցկացման ժամանակն արդեն որոշված է՝ 2028 թվականը։
Նախագահ Էրդողանն ավելի վաղ հերքել էր երկրում արտահերթ նախագահական ընտրությունների մասին ընդդիմության հայտարարությունները՝ ընդգծելով, որ հաջորդ ընտրական շրջափուլին հանրապետությունում դեռ 3,5 տարի կա:
2023 թվականի մայիսին կայացած ընտրություններում Էրդողանը վերընտրվել է Թուրքիայի նախագահ՝ երկրորդ փուլում հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 52%-ը։ Թուրքիայի ընդդիմությունը, ելնելով տնտեսական բարդ իրավիճակից, ժամանակ առ ժամանակ արտահերթ ընտրությունների կոչ է անում։ Հաջորդ համընդհանուր ընտրությունները պետք է տեղի ունենան 2028 թվականի գարնանը։