ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի Իսակովի պողոտայում «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում բռնկված հրդեհի տարածվելուց առաջ աշխատակիցներն ու այցելուները, ըստ նախնական տվյալների, հասցրել են դուրս գալ շենքից։ Այս մասին դեպքի վայրից լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Այս պահին, մեր տեղեկություններով, շենքում գտնվող բոլոր աշխատակիցները և այցելուները մինչ հրդեհի տարածվելը դուրս են եկել շենքից, տուժածներ չկան։ «Դոմուս» հիպերմարկետում արդեն 2500-3000 քմ–ի վրա է հրդեհը տարածված։ Այս պահին կահույք, տեխնիկա և շինանյութ է այրվում»,– ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` դեպքի վայրում արդեն փրկարար ծառայության 17 հաշվարկ է աշխատում, 5 օպերատիվ մեքենա, 2 ավտոսանդուղք, Երևանի քաղաքապետարանի 5 ջրատար մեքենա, մի քանի հաշվարկ էլ դեռ օգնության է գալիս։
Ներկայում հրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում։ Սարգսյանն ընդգծեց նաև` հրդեհի պատճառները հայտնի կլինեն միայն քննությունից հետո։
Նշենք, որ հրդեհի մասին ահազանգը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ստացվել է հոկտեմբերի 7-ին, ժամը 12։57-ին։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։ Հրդեհն արդեն տարածվում է ոչ միայն «Դոմուսի» պահեստի հատվածում, այլև խանութի։