Իրանին ավելի ձեռնտու է Հայաստանով անցնող ճանապարհը, քան Ադրբեջանով և Թուրքիայով. Սահանդ Շահբազի

Sputnik
Հայաստանյան ենթակառուցվածքների անբավարար վիճակի պատճառով Իրանն այսօր Ռուսաստանի հետ կապի համար օգտվում է` Ադրբեջանի, իսկ ԵՄ մատակարարումների համար` Թուրքիայի տարածքով: Բայց Հայաստանի տարածքով երթուղին դեպի Սև ծով դուրս գալու համար անհամեմատ շահավետ է. Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Թավրիզի առևտրաարդյունաբերական պալատի միջազգային կապերի գծով փոխտնօրեն Սահանդ Շահբազին։
Հիշեցնենք` Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում նպատակ ունի Հնդկական օվկիանոսը կապել Սև ծովի հետ: Անցած շաբաթ Երևանում կայացած ԵԱՏՄ համաժողովում հայտարարել էր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Հայաստանի կառավարության տեսլականով` Հնդկաստանի Մումբայ նավահանգստից բեռները կտեղափոխվեն Իրանի Չաբահար նավահանգիստ, այնուհետև Հայաստանի տարածքով վրացական նավահանգիստներ, որտեղից էլ Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա և ԵՄ-ի այլ երկրներ։
Էկոնոմիկայի նախարարության հաշվարկով` այս երթուղին թույլ կտա 25 տոկոսով նվազեցնել լոգիստիկ ծախսերը, առաքման ժամկետներն էլ 40 օրվա փոխարեն կկրճատվեն մինչև 25 օր։