Սահմանադրական դատարանի մոտ, որտեղ երթով ժամանել են Սրբազան պայքարի առաջնորդն ու կողմնակիցները, լարված իրավիճակ է։
Վիճաբանություն է սկսել Սրբազան պայքարի անդամ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի և ոստիկանների միջև։
Ոստիկանները փորձում են հասկանալ, թե ինչ ակցիա է իրականացվում ու արդյոք այն օրենքի շրջանակում է իրականացվում։
Գառնիկ Դանիելյանը պնդում էր, որ իրեն վիրավորել են ոստիկանության ծառայողները ու հորդորում էր իր հետ պատշաճ խոսել։ Ոստիկաններն էլ Դանիելյանին և պայքարի այլ կողմնակիցների կոչ էին անում հետ գնալ ու բարձր չխոսել իրենց հետ։
«Նախապես ո՞ւմ զեկուցենք, Ալիևի՞ն։ Պաստա՞ռ պահելու համար պետք է զեկուցենք, մենք մեր երկրում ենք, որտեղ կուզենք ու ինչ կուզենք կանենք»,– նշեց Դանիելյանը։
Քիչ անց ակցիայի մասնակիցները փակեցին Բաղրամյան պողոտան` իրենց անհնազանդությունը հայտնելով։
Ավելի ուշ Սրբազան պայքարի կողմնակիցները բացեցին Բաղրամյան պողոտան: Մինչև ՍԴ-ի մոտից հեռանալը, նրանք թղթիկներ թողեցին այնտեղ՝ «դատավո՞ր, թե՞ ծառա» գրությամբ:
Սրբազան շարժման հաջորդ հավաքը չորեքշաբթի՝ հոկտեմբերի 9-ին է, ժամը 12:00-ին, դատախազության մոտ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքից հետո Սրբազան շարժման մասնակիցներ երթով գնացել են ՍԴ ` հանրայնացնելու ու ամոթի, անարգանքի սյունին գամելու բոլոր այն դատավորներին, որոնք սահմանադրական են ճանաչել սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը։