Կործանման հանգեցնող իշխանությունը կորցնում է կապն Աստծո հետ. Արշակ արքեպիսկոպոս

Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը
Սրբազանը պատասխանել է այն մարդկանց, որոնք փորձում են խեղաթյուրել եկեղեցու առաքելությունը և եկեղեցին դարձնել սեփական թերընկալումների և թյուրըմբռնումների պատանդը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Այն իշխանությունը, որն իր գործողություններով կամ անգործությամբ հանգեցնում է կործանման ու ավերածությունների, կորցնում է կապը Աստծո հետ։ Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տաճարի վերաօծման առաջին կիրակի օրը տեղի ունեցած պատարագի ժամանակ ասել է Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 29-ին Էջմիածնի Մայր տաճարում կայացավ վերաօծման պատմական իրադարձությունը։ Տաճարն օծվել էր 303 թվականին` կառուցվելուց հետո։ Վերաօծում է կատարվել, որովհետև տաճարն ամբողջությամբ հիմնանորոգվել է։ Մայր տաճարի հիմնանորոգման աշխատանքներն ընդհանուր առմամբ ընթացել են 12 տարի։ 1–ին փուլով կատարվել են հետազոտման, նախագծման աշխատանքները, 2–րդ փուլում արդեն բուն շինարարական աշխատանքներն են եղել։
Նրա խոսքով` այն իշխանությունը, որը խեղաթյուրում է արդարադատությունը ու խաթարում մարդկանց խաղաղ համակեցությունը, ապա այն զրկված է հեղինակությունից ու վստահությունից։
«Հաճախ են օտարների և որպես յուրային ներկայացողների կողմից սադրիչ հարցադրումներ բարձրացվել, թե ինչ իշխանությամբ է գործում սուրբ Էջմիածինը և հայոց եկեղեցին։ Այսօր էլ մեղադրական նույն շեշտադրումներով փորձ է արվում կասկածի տակ առնել եկեղեցու հեղինակությունն ու իշխանությունը։ Ոմանք փորձում են խեղաթյուրել եկեղեցու առաքելությունը և եկեղեցին դարձնել սեփական թերընկալումների և թյուրըմբռնումների պատանդը՝ փորձելով ոչ թե ծառայել եկեղեցուն, այլ եկեղեցին ծառայեցնել սեփական հիվանդագին պատկերացումներին։ Ոմանց խեղված ընկալումներում եկեղեցու առաքելությունը պիտի սահմանափակվի բացառապես ծիսակատարություններով ու կրոնական խնդիրներով»,– իր խոսքում ասել է սրբազանը։
Նա ընդգծել է` եկեղեցուց պահանջել հեռու մնալ հանրային մտահոգություն առաջացնող խնդիրների արծարծումից՝ նշանակում է բացահայտել սեփական տգիտությունը, նշանակում է պատկերացում չունենալ եկեղեցու էության, նրա կոչման և պատմական առաքելության վերաբերյալ։
Արշակ արքեպիսկոպոսը վստահեցրել է` եկեղեցու համար չկա մի հարց, որտեղ այն զրկված լինի իր դիրքորոշումն ու տեսակետը հայտնելու իրավունքից։ Սրբազանի պնդմամբ` եկեղեցին կաշկանդված է միայն աստվածային օրենքներով ու պատվիրաններով, որը ներառնում է նաև օրինապահություն և հասարակական կարգի պահպանություն։
«Եկեղեցին ևս, Հիսուսի նման, չի պատասխանելու իր հեղինակությունն ու իշխանությունը կասկածի տակ առնող սադրիչ հարցադրումներին, թե ինչ իշխանությամբ է գործում։ Այս հարցի պատասխանը տվել է մեր ժողովրդի պատմությունը։ Այս հարցի պատասխանը այսօր տալիս է նաև վերաօծված այս սուրբ տաճարը և դրա շուրջ համախմբված համայն հայ ժողովուրդը։ Քրիստոսին հավատացողներին երբեք ու երբեք չի կարող լքել սրբանալու ձգտումն ու կատարելագործվելու մղումը։ Եկեղեցու խոսքը ուղղված է իր զավակներին, և նրանք, ովքեր կամավոր հրաժարվում են եկեղեցու անդամությունից, նրանց բաժինը ուրացողների և դավաճանների հետ է»,– պատարագի ժամանակ ասել է Արշակ արքեպիսկոպոսը։
Հավելենք, որ հոկտեմբերի 3-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունների հեռացմանը միտված Բագրատ սրբազանի գլխավորած շարժման որոշակի անհաջողության հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն ու ուրվականն է։ Միքայել սրբազանը վստահեցրել էր, որ այդ ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ արբազանը և, որ այդ ուրվականների հեղինակներն իրենք պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին ու հեռանան քաղաքական ասպարեզից։ Նրա պնդմամբ` դա է պահանջում հայրենիքի փրկությունը։
Շիրակի թեմի առաջնորդի այս խոսքերը սոցցանցերում քննարկման թեմա էր դարձել։ Դրան անդրադարձել էր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը։ Նա նշել էր, որ ընթացիկ իրավիճակի մասին այդ խոսքերն առնվազն տարօրինակ են հնչում։ Միկոյանը շեշտել էր` պատճառահետևանքային կապերն ակնհայտորեն խեղաթյուրվել են։