ԱՄՆ-ի հարավ-արևելյան մասում մոլեգնող «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է առնվազն 227-ի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Հելեն» փոթորիկը լրջորեն վնասել է ԱՄՆ-ի էներգահամակարգը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ առանց էլեկտրականության է մնացել մոտ մեկ միլիոն մարդ։ Նրանց մեծ մասն ապրում է Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգներում, ընդ որում՝ Հյուսիսային Կարոլինայում էլեկտրականությունից զրկվել է տնային տնտեսությունների մոտ 90 տոկոսը։ Տեղական Duke Energy օպերատորն այս կապակցությամբ հայտարարել է, որ էներգետիկ ենթակառուցվածքը «բառացիորեն լվացվել է»։ Բացի այդ, տուժել են ջրամատակարարման և կապի համակարգերը, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքները:
Նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Կոնգրեսին այս շաբաթ հնարավորինս շուտ հաստատել լրացուցիչ ֆինանսավորումը, սակայն այդ հարցի շուրջ քվեարկությունը սպասվում է նոյեմբերի 12-ից ոչ շուտ: Բայդենը նաև հնարավոր է համարել, որ կարող է կրկին դիմել Կոնգրեսին լրացուցիչ միջոցների համար մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ հունվարին, քանի որ սպասվում է ծախսերի զգալի աճ՝ կապված փոթորկի հասցրած վնասների հետ: