ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՄԻՊ գործունեությանը միջամտելու և անկախությունը սահմանափակելու փորձը պետք է բացառվի։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից այսպես են արձագանքել քաղաքապետարանին։
Այսօր ՄԻՊ Անահիտ Մանասյանը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` Լվովյան փողոցի ինքնակամ կառույցների ապամոնտաժման գործընթացում Երևանի քաղաքապետարանը խախտել է բնակիչների իրավունքները։ Ի պատասխան քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել էր, որ համայնքի կողմից իրականացված վարչարարությանը գնահատականներ տալը ՄԻՊ-ի իրավասություններից դուրս է։
«Հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ ՄԻՊ–ը ունի սահմանադրական լայն մանդատ՝ գնահատելու ցանկացած իրավունքի խախտման/դրա բացակայության հանգամանք, եթե խոսքը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց կողմից իրավունքների հնարավոր խախտումներին է վերաբերում։ Ընդ որում՝ ՄԻՊ մանդատն ու գործունեության սկզբունքները, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերջինիս անկախությունն ու մանդատը հարգելու չափանիշները սահմանված են միջազգային մի շարք փաստաթղթերում»–արձագանքել է ՄԻՊ–ը։
Պաշտպանի գրասենյակից ընդգծել են` ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացումը ցանկացած ձևով խոչընդոտելու, այդ թվում՝ նրա գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար։
«Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակը վերը նշված չափանիշներին հակասող եղանակով գնահատելու, նրա գործունեությանը միջամտելու և անկախությունը սահմանափակելու ցանկացած փորձ պետք է բացառվի։ Հակառակ դեպքում միջազգային չափանիշների խախտումները պետք է դարձվեն քննարկման առարկա»,–նշել է Անահիտ Մանասյանը:
Նա հավելել է, որ պաշտոնատար անձը կամ կազմակերպությունը, որոնք ստացել են ՄԻՊ–ի որոշումը, պարտավոր են այն ստանալու օրվանից հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում ձեռնարկված միջոցառումների մասին գրավոր հայտնել պաշտպանին։
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը տարեսկզբին որոշում էր կայացրել քանդել Նոր Նորքի Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու «Վալենսիա» համալիրի միջև ընկած հատվածում գտնվող ինքնակամ կառույցները։ Այդտեղ գտնվող բնակելի 8 տների բնակիչները բողոքի ցույց էին անում` պնդելով, որ եթե քաղաքապետարանը քանդի իրենց տները, դրսում կմնան։ Իսկ քաղաքապետարանից վստահեցնում են, որ այդ տներից միայն երկուսում կան փաստացի բնակվողներ։