Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մոտ 20 հարված են հասցրել Բեյրութի միջազգային օդանավակայանին հարող Լեյլյաքի թաղամասին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ականատեսը:
«Բեյրութի հարավային արվարձանի Լեյլյաքի շրջանում ավիացիայի գրեթե 20 հարված է եղել»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ իսրայելական ավիացիան վերսկսել էր Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանի ռմբակոծությունները՝ հարվածներ հասցնելով մի քանի թաղամասերում գտնվող բնակելի տների:
Axios-ը, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, հայտնում է, որ ուրբաթ գիշերը Բեյրութին Իսրայելի հարվածի թիրախը եղել է Լիբանանի շիական «Հզբոլլահ» շարժման զոհված գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլայի հավանական իրավահաջորդն ու զարմիկը:
«Բեյրութին Իսրայելի հարվածի թիրախը եղել է «Հզբոլլահի» բարձրաստիճան առաջնորդ Հաշիմ Սաֆի ադ-Դինը, որը Հասան Նասրուլլայի հավանական իրավահաջորդն է»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Axios-ի աղբյուրի խոսքով՝ Սաֆի ադ-Դինը հարվածի պահին գտնվել է ստորգետնյա բունկերում, բայց հայտնի չէ` նա զոհվել է, թե ոչ:
Հերթական էսկալացիան սկսվել է սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, շուրջ երեք հազար քաղաքացի վիրավորվել է: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Շիական դիմադրության մարտիկներն ի պատասխան հարձակվել են Իսրայելի Ռազմաօդային ուժերի «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ է պայթել իսրայելական քաղաքի ծայրամասերում գտնվող բնակելի թաղամասերում։