Գիրքը գիրք է, կապ չունի` ով է գրել. Մարտիրոսյանը` զինվորին թուրքական գիրք նվիրելու մասին

ԲԿՄԱ - «Ուրարտու» հանդիպումից հետո, պատահականության սկզբունքով մի հանդիսատեսի նվիրել են «Անտարեսի» հրատարակած Բուրհան Սյոնմեզի «Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ» գիրքը
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը խոստովանեց, որ դեռ չի կարդացել այդ գիրքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի - Sputnik. Գիրքը գիրք է ու կապ չունի, թե այն ֆրանսիացի է գրել, թե թուրք։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ սկզբունքով է ընտրվել գիրքը, որը որպես մրցանակ երեկ տրվել է ԲԿՄԱ - «Ուրարտու» հանդիպման հանդիսատեսներից մեկին։
Նշենք, որ երեկ ԲԿՄԱ - «Ուրարտու» հանդիպումից հետո, պատահականության սկզբունքով մի հանդիսատեսի նվիրել են «Անտարեսի» հրատարակած Բուրհան Սյոնմեզի «Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ» գիրքը։ Գիրքը նվեր է հասել զինվորական համազգեստով մի տղայի։

«Մենք մեր բոլոր նոր հրատարակված գրքերը տալիս ենք խաղարկության համար։ Ընտրության հատուկ որևէ մեխանիզմ չի եղել, բոլոր նոր գրքերը տվել ենք։ Գիրքը գիրք է ու դու որպես ընթերցող, պետք է իմանաս աշխարհի մասին, քո հարևանների մասին ու նաև թշնամիների մասին։ Գիրքը լավագույն միջոցն է թշնամիներին ճանաչելու, որպեսզի կարողանաս իրենց դիմագրավել։ Հիմա ինչ-որ մարդկանց դուր չի գալիս Ստամբուլ բառը, գուցե լիներ Պոլիս, Պոլիս, երևի դուր գար»,– ասաց նա։

Մեր դիտարկմանը, թե գուցե խնդիրը գրքի բովանդակությունն է` նա ասաց, որ ինքը դեռ չի կարդացել այդ գիրքը։
Նշենք, որ «Ա՜խ, Ստամբուլ, Ստամբուլ» վեպը 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո Ստամբուլում մի բանտախցում բանտարկվածների ու նրանց պատմությունների մասին է: