Այսուհետ` «Կինոմոսկվա». «Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել ու վերազինվել է

Կինոթատրոնը հանդիսատեսին է ներկայանում նոր տեսքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. «Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել է. այսուհետ այն կանվանվի «Կինոմոսկվա», ինչպես տարիներ շարունակ կոչում են այցելուները։ Այս մասին հայտնում են կինոթատրոնի մամուլի ծառայությունից։
Կինոթատրոնը հանդիսատեսին է ներկայանում լիովին վերազինված ու նոր տեսքով։
«Կինոմոսկվա»
Վերազինվել և նորացվել են կինոթատրոնի թե՛ վիզուալ և ձայնային տեխնիկան, թե՛ էկրանները: Տեղադրվել են հզոր լազերային պրոյեկտորներ, որոնք ապահովում են գերհստակ պատկեր։
«4K լազերային պրոյեկցիայի պայմաններում դրանք ապահովում են գույնի պայծառություն և լույսի հավասարաչափ բաշխում, ինչը թույլ է տալիս դահլիճի ցանկացած անկյունից տեսնել բարձր որակի պատկեր»,–նշված է հաղորդագրությունում։
Դահլիճներում տեղադրվել են նաև նոր ձայնային պրոցեսորներ, որոնք թույլ են տալիս իրականացնել ձայնային կարգավորումներ նաև ATMOS տեխնոլոգիաներին համապատասխան: Ձայնային այս համակարգը հնարավորություն է տալիս հավասարաչափ տարածել ձայնը դահլիճում՝ զգալիորեն բարձրացնելով հանդիսատեսի ընկալման որակը և մեծացնելով տպավորությունը:
«Կինոմոսկվա»
«Իսկ նոր կարգախոսը՝ «Արի կինոյի աշխարհ», հրավեր է բոլորին՝ բացահայտելու ոչ միայն կինոյի կախարդական աշխարհը, այլև վերագտնելու մի վայր, որը երկար տարիներ եղել է մեր մշակութային ժառանգության անբաժանելի մասը»,– հավելում են կինոթատրոնից։
Կինոթատրոնի նոր տարբերանշանում կինոթատրոնի պատմական շենքն է՝ վերևից, որը հետաքրքիր զուգադիպությամբ ունի լատիներեն «M» տառի ձևը։ Տարբերանշանը խորհրդանշում է «Կինոմոսկվայի» կենտրոնական դիրքը Երևանում և դերը՝ որպես սերունդների մշակութային կենտրոն։