Ռուբեն Վարդանյանին խոշտանգել են. նրա փաստաբանները հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան

Փաստաբաններն առանձին հայց են ներկայացրել նաև ադրբեջանական թերթերից մեկի դեմ՝ Ռուբեն Վարդանյանին զրպարտելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբաններն այսօր դատական հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան՝ պնդելով, որ նա կտտանքների է ենթարկվել և զրկվել է դատավարության արագ իրականացման իրավունքից: Տեղեկությունը հայտնում է Reuters-ը։ Լրատվամիջոցը հայտնում է, որ ադրբեջանցի պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել հայցերը։
Վարդանյանի փաստաբանների հայտարարության մեջ ասվում է, որ գործերից մեկը վերաբերում է 2024 թվականի ապրիլին նրա հացադուլի շրջանին, որի ընթացքում Վարդանյանի հետ կատարվածը փաստաբանները խոշտանգում են որակում։

Ի պատասխան հացադուլ հայտարարելու՝ Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, նրան ստիպել են կանգնել, արգելել են ցնցուղ ընդունել և երկու օր շարունակ զրկել են ջրից:

Մեկ այլ հայցում Վարդանյանի փաստաբանները պնդում են, որ նրա արագ դատաքննության իրավունքը խախտվել է անցած տարվանից կալանքի տակ գտնվելու պատճառով: Առանձին հայց է ներկայացվել նաև ադրբեջանական ռուսալեզու «Բաքվի աշխատավոր» թերթի դեմ, որին մեղադրում են Վարդանյանին զրպարտելու մեջ։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։
Սեպտեմբերի 5–ին Բաքուն հայտարարեց, որ Ադրբեջանում ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ հարուցված գործի նախաքննությունն ավարտվել է, առաջիկայում նյութերն Ադրբեջանի դատարան կփոխանցվեն։