Ադրբեջանը վտանգավոր ծավալի սպառազինություն է սկսել գնել. պատգամավոր

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` Ադրբեջանը եղածով չի բավարարվում և Հայաստանի զիջողականությանը զուգահեռ հանդես է գալիս նոր նախապայմաններով, ինչն ուղեկցվում է շանտաժի և սպառնալիքների մոտեցմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը բավականին վտանգավոր ծավալի սպառազինություն է սկսել գնել վերջին երեք տարվա ընթացքում։ Այս մասին Ազգային ժողովում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից հանել է 3 կետ
Ի տարբերություն նախորդ շրջափուլի` 2017-2020 թվականների, այս շրջափուլում` 2021-2024 թվականներին ձեռք բերված զենքի ոչ միայն ծավալն է մեծ չափսերի հասնում, այլ նաև դրա վերաբերյալ տեղեկությունն է գաղտնի պահվում։
«Հիմնականում մոդելների ծավալների, տեսականու առումով բավականին գաղտնի են այդ տեղեկությունները, ինչը շատ ավելի անկանխատեսելի է դարձնում ադրբեջանական վտանգավորությունը։ Հատկապես այն պարագայում, որ Ադրբեջանը մշտապես հայտարարում է բարձր մակարդակով, որ ուժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում»,–ասաց Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Ադրբեջանը ոչ միայն իր մասով պարտավորությունները չի կատարում, այլ նաև հանդես է գալիս նոր սպառնալիքներով ու նոր պահանջներով Հայաստանի նկատմամբ։
Աբրահամյանը ներկայացրեց Ադրբեջանից վերջին շրջանում դրսևորվող մի քանի վտանգավոր ուղղություններ։
«Առաջինը Ադրբեջանի` Հայաստանին ուղղված ապառազմականացման մոտեցումն է, որ աստիճանաբար Ադրբեջանը բերում, տեղավորում է ակտիվ օրակարգերի շրջանակներում։ Երկրորդ` ակտիվացված և որոշակիորեն ինստիտուցիոնալ բնույթ է ստանում ադրբեջանցիների Հայաստան «վերադարձի» մոտեցումը։ Ադրբեջանը փորձում է ճնշումների միջոցով Հայաստանի` իր համար առաջնահերթ ուղղություններում պարտադրել այս դրույթի իրականացումը կամ դրա չիրականացման դիմաց ստանալ այլ պայմանների իրացում»,–ասաց նա։
Հայաստանը չի պատրաստվում ռազմական ճանապարհով հետ բերել օկուպացված տարածքները․ Փաշինյան
Միևնույն ժամանակ, Աբրահամյանի խոսքով, Ադրբեջանը փորձում է միջազգային հարթակներում առաջ տանել մոտեցումը, թե իբր Հայաստանը թաքցրել է կոնկրետ զոհերի հետ կապված տվյալները, Հայաստանում կամ Արցախում եղել են մասսայական գերեզմաններ, որի հետ կապված որևէ տեղեկություն չի եղել, ու դա փորձում է բերել միջազգային դաշտ։
Նրա խոսքով` չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները առավելագույնս փորձում են զիջողականություն դրսևորել, բավարարել բոլոր պահանջները, իրականությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը եղածով չի բավարարվում և Հայաստանի զիջողականությանը զուգահեռ հանդես է գալիս նոր նախապայմաններով, ինչն ուղեկցվում է շանտաժի և սպառնալիքների մոտեցմամբ։