ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը հորդորում է Բաքվին և Երևանին զերծ մնալ հռետորաբանությունից, որը հակառակ կողմը կարող է ընկալել որպես անհարգալից վերաբերմունք միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ և վիճահարույց պահերի կարգավորման ուժային սցենարի սպառնալիք։ Այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Փախստականների և ժամանակավոր տեղահանված անձանց թեման արդիական է երկու կողմի համար։ Դա հաշվի առնելով` օգտակար ենք համարում, որ Բաքուն և Երևանն ակտիվացնեն երկխոսությունը մարդասիրական հարցերի շուրջ, այդ թվում պատմամշակութային, կրոնական կոթողների պահպանմանը, գերեզմաններին ազատ և անվտանգ հասանելիության ապահովմանը, անհետ կորածների որոնմանը», – ասել է Զախարովան։
Նրա խոսքով` մեծ պահանջարկ կա այդ մոտեցման նկատմամբ։ Եթե անհրաժեշտություն լինի Մոսկվային ներգրավվելու դրանց լուծման համար, ռուսական կողմը պատրաստ է դրան։
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան», հայտարարել էր, որ Երևանը Բաքվի մոտ քաղաքական կամք չի տեսնում խաղաղության համաձայնագրի համաձայնեցված մասի ստորագրման համար, «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսակցություններն էլ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջատիրության տպավորություն են ստեղծում։