Մերձավոր Արևելքը գլորվում է մեծ պատերազմի անդունդը. Նեբենզյա

Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ Իսրայելի ղեկավարությունը մտադիր է ուղիղ հակամարտություն հրահրել Թեհրանի և Վաշինգտոնի միջև:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Մերձավորարևելյան տարածաշրջանը գլորվում է նոր մեծ պատերազմի անդունդը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Մերձավոր Արևելքի հարցերով նիստի ժամանակ։
Դա ապտակ է ՄԱԿ–ին. ՌԴ մշտական ներկայացուցիչը` Գուտերեշի վերաբերյալ Իսրայելի որոշման մասին
Նրա խոսքով՝ լիբանանյան «Հզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլայի սպանությամբ Իսրայելը գիտակցաբար գնաց հակամարտության սրման, մինչդեռ իրանական կողմը բացառիկ զսպվածություն էր ցուցաբերում:
«Լիբանանի և ողջ Մերձավոր Արևելքի համար այս քաղաքական սպանությունը հղի է աղետալի հետևանքներով։ Արևմտյան Երուսաղեմում չէին կարող դա չհասկանալ, սակայն գիտակցաբար գնացին սրացման։ Այսպիսով, իսրայելական կողմը պատասխանատվություն է կրում հետագա էսկալացիայի և դրա հետևանքների, այդ թվում՝ Իսրայելի բնակչության համար», - ասել է Նեբենզյան։
ՌԴ մշտական ներկայացուցիչը հավելել է, որ եթե Իսրայելի ղեկավարությունը շարունակի իրագործել իր ծրագրերը, ապա հակամարտությունը կարող է հասնել էսկալացիայի աներևակայելի մակարդակի՝ սպառնալով արդեն ողջ աշխարհին:
Վասիլի Նեբենզյայի խոսքով՝ Թել Ավիվը ցանկանում է ուղղակի հակամարտություն հրահրել Թեհրանի և Վաշինգտոնի միջև:
«Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Իսրայելի ղեկավարության ծրագրերում է ամեն գնով ուղղակի հակամարտություն հրահրել իր գլխավոր տարածաշրջանային հակառակորդի՝ Իրանի և Միացյալ Նահանգների միջև», - ասել է նա:
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին։ Առնվազն 400 բալիստիկ հրթիռ է արձակվել իսրայելական ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ԻՀՊԿ-ն, հրթիռների 80 %-ը խոցել են թիրախները։ Իրանական ԶԼՄ-ները գրում են, որ հրթիռները հարված են հասցրել իսրայելական Աշկելոնի շրջանում գտնվող գազային հանգույցներին, ինչպես նաև իսրայելական Նևատիմ ավիաբազային:
Իսրայելական «9» հեռուստաալիքը, հղում անելով ՑԱԽԱԼ-ին, հայտնել է, որ հրթիռային հարձակումը հետևանքներ կունենա: Իսկ ԻՀՊԿ-ում խոստացել են այդ դեպքում տալ կործանարար պատասխան։