ԱԺ «Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է դատական հայց ներկայացնել` պարզելու համար, թե ինչու է ընդդիմադիր պատգամավորներին արգելված ծանոթանալ խաղաղության պայմանագրի տեքստին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, ասել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը հրապարակելը դիվանագիտական տեսանկյունից կոռեկտ չէ, և որ իշխանությունները տարբեր մակարդակներում այսպես թե այնպես բացահայտել են պայմանագրի էությունն ու բովանդակությունը:
Արծվիկ Մինասյանը, կրկին հետաքրքրվեց`ինչո՞ւ է ընդդիմադիր պատգամավորներին արգելվում ծանոթանալ խաղաղության պայմանագրի նախագծին։
«Ես իմ անձնական որոշմամբ հնարավորություն տվել եմ, որ դուք ծանոթանաք էդ թղթերին։ Ծանոթացել եք, հետո սոցիալական ցանցերում բացարձակ իրականության հետ կապ չունեցող գրառումներ եք արել, ձեր քաղաքական նպատակներով շահարկել։ Ես էլ արգելել եմ, լավ եմ արել, որովհետև ասենք դուք գնաք, տեքստը կարդաք, հետո գաք հեքիաթներ պատմեք, մենք էլ սուսուփուս նստե՞նք»,– ասաց նա։
Նա հավելեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նույնպես ծանոթ չեն այդ տեքստին, չեն կարդացել։