ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված 13 կետերի հրապարակման հետ կապված դիվանագիտական կոռեկտության խնդիր կա։ Այս մասին ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա պատասխանում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, որը վարչապետից հետաքրքրվեց` արդյոք ճիշտ չէ՞ր լինի, եթե արդեն իսկ համաձայնեցված 13 կետերի բովանդակությունը հիմա ներկայացվեր, հետո միայն խոսվեր խաղաղության պայմանագրի ստորագրման մասին։
«Այդ կետերին տարբեր առիթներով անդրադարձել եմ, գաղտնիքի խնդիր չկա, դիվանագիտական կոռեկտության խնդիր կա. աշխատանքային փաստաթուղթը 2–րդ շահառու էլ ունի»,– հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով` հայեցակարգային առումով ժողովրդի համար պայմանագրի բովանդակությունը բացահայտված է մարզային տարբեր ֆորմատներով հանդիպումների, քննարկումների ժամանակ։
Չբացահայտելով շատ մանրամասներ` Փաշինյանը միայն նշեց, որ կստեղծվի հայ–ադրբեջանական հանձնաժողով՝ դիտարկելու համար խաղաղության պայմանագրի իրականացման ընթացքը։
Հիշեցնենք` օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկել էր ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա: Այն ժամանակ նա հայտնել էր, որ համաձայնեցվել է 16 հոդվածից 13-ը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 23-ին երկրի խորհրդարանում հայտարարել է, որ հայկական կողմը, ուղարկելով Բաքվի վերջին առաջարկների պատասխանը, բոլոր չհամաձայնեցված դրույթները հանել է խաղաղության պայմանագրի նախագծից: Ալիևի խոսքերից ստացվում է, որ Երևանն իր վերջին պատասխանում փոխանցել է 16 հոդվածներից 13-ը: Նա հայկական ղեկավարության գործողություններն անվանել է «ոչ ադեկվատ և պարզունակ»։