ՀՀ արդարադատության նախարարն ու տեղակալն ազատվեցին պաշտոններից

Գրիգոր Մինասյանը. Արխիվային լուսանկար
Գրիգոր Մինասյանն իր հրաժարականի մասին հայտարարեց հոկտեմբերի 1–ին, իսկ Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում ներկայացրեց սեպտեմբերի 26–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Գրիգոր Մինասյանն ազատվեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ստորագրել է համապատասխան հրամանագիր։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի Գրիգոր Մինասյանն ազատել ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից»,– ասված է նախագահի հրամանագրի մեջ։
Այսօր պաշտոնից ազատվեց նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանը։ Այդ մասին համապատասխան որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է այսօր։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սիրվարդ Գևորգյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ:
Ավելի վաղ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը հայտարարել էր՝ արդարադատության նախարարի պաշտոնը կարևոր է, և այն զբաղեցնող մարդը պետք է քաղաքական թիմից լինի։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ստորագրահավաք է սկսվել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար. ԶԼՄ-ներում նշվում էր, որ պատգամավորները դժգոհ են նախարարի կադրային քաղաքականությունից։ Դրան հաջորդեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականը։ Օրեր անց՝ հոկտեմբերի 1-ին, հրաժարականի մասին հայտարարեց արդեն ինքը՝ Գրիգոր Մինասյանը։