ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Արցախի հարցն օգտագործվել է` որպես թոկ ՀՀ վզին։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին։
Պատգամավորն ընդգծեց, որ Արցախը մեր հպարտությունն էր, մեր կյանքի իմաստն էր և, ավելին, Փաշինյանն ինքն էլ այդ կարծիքին էր, սակայն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով` հիմա այլ բան է ասում։
«ՄԱԿ–ի ամբիոնից խոսեցիք ամեն ինչից, բացի ամենակարևոր հարցերից. Արցախում էթնիկ զտումը հերթական իրադարձությունը չէր, որին այդպես էլ չանդրադարձաք։ Ձեզ մոտ չկա այն գիտակցությունը, որ որքան զիջում եք, միևնույնն է` Ադրբեջանը կանգ չի առնում, քանի որ իր համար կարմիր գիծ չկա։ Գերիների մասին չեք խոսել. ո՞նց կարելի էր այդ ամբիոնից ելույթ ունենալ ու չխոսել այդ մասին»,– հայտարարեց Գրիգորյանը։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՄԱԿ–ի ամբիոնից դա իր արդեն 4–րդ ելույթն էր, ու այն այլ տրամաբանություն է ունեցել։
«Այո՛, ես որոշում եմ կայացրել խոսել հենց այն հարցերի մասին, ինչի մասին խոսեցի ՄԱԿ–ի ամբիոնից. դա է այսօր համապատասխանում ՀՀ շահերին։ Դուք բավարար չափով տեղեկացված չեք հայ ժողովրդի իրական մղումների մասին, Հայաստանի ժողովուրդն ուզում է այն, ինչի մասին ես խոսել եմ ՄԱԿ–ի ամբիոնից` որպես հիմնական նպատակ։ Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա Ադրբեջանն ու հենց դուք նպատակ ունեք մեզ մեր իրական պետական ինքնիշխանության ու անկախության օրակարգից շեղելու։ Դուք հիմա ուզում եք, որ մենք հիմա վերցնենք ու այդ թոկը փաթեթենք ՀՀ վզին»,– հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա` ամենակարևոր բանը, որ արել ու անում է վերջին տարիներին Հայաստանի և հայ ժողովրդի համար, այն է, որ մենք պետք է ճշտմարտությունն իմանանք մեր պատմության մասին։