ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ ընդհանուր գործընթացների ներդրման, ինչպես նաև արդեն ներդրված ընդհանուր գործընթացներին պետությունների միացման տեմպերը չեն համապատասխանում նախկինում հայտարարված ծրագրերին։ Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստում:
«Ներդրված 39 գործընթացներից բոլոր անդամ պետությունները միացված են միայն 21-ին, ընդ որում՝ տեղեկատվական փոխանակումն իրականացվում է միայն 18-ի վերաբերյալ»,-ասել է նա:
Բելառուսի վարչապետը կոչ է արել ավելի գործնական մոտեցում ցուցաբերել այդ հարցի լուծմանը, վերլուծել ընդհանուր գործընթացները ներդնելու և դրանց միանալու վիճակը:
Նրա խոսքով՝ թվայնացումը պետք է ինտեգրման արդյունավետ գործիք դառնա, այլ ոչ թե փոխարինի ինտեգրացիոն գործընթացներին։ Ընդ որում, անհրաժեշտ է ստեղծել հարթակ, որը թույլ կտա իրականացնել այն որոշումների անխափան կիրառումը, որոնք ընդունվել են ԵԱՏՄ կառավարությունների և պետությունների ղեկավարների մակարդակով։
Գոլովչենկոն փաստել է, որ այսօր միությունում արդեն միասնական թվային փաստաթղթեր են ներդրվում բեռների տեղափոխման և դրանց միջանցիկ հետևելու համար: Սա թվային փոխակերպման կամ միության օրակարգի կիրառման ամենահաջողված ոլորտներից մեկն է այս պահին, կարծում է Բելառուսի կառավարության ղեկավարը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրներն ակտիվորեն կիրառում են նաև ապրանքների թվային մակնշումը, այդ գործիքի շնորհիվ անդամ պետությունները հնարավորություն են ստացել թվայնացնել ապրանքային հոսքերը, նույնականացնել և հետևել յուրաքանչյուր ապրանքատեսակի:
Զարգանում և ինտեգրվում են թվային առևտրային հարթակները, ինտենսիվորեն ընթանում է ֆինանսական և բորսայական շուկաների, վճարային համակարգերի և գործիքների թվայնացումը, լուրջ ուշադրություն է դարձվում կիբեռանվտանգության հարցերին։
Ընդ որում, ինչպես նշել է Բելառուսի վարչապետը, թվայնացման աշխատանքներում նշանակալի դեր ունի ընդհանուր գործընթացների իրականացումը միասնական տեղեկատվական համակարգի միջոցով, որը միավորում է ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունները:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: