ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ հանդիպման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջանի խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին։
«Հայաստանը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա ապաշրջափակմամբ նպաստել շահագրգիռ պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը»,– ասել է ՀՀ վարչապետը։
Իր հերթին ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը լիովին պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անընդունելի համարում տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխություն: Միաժամանակ, նա ընդգծել է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության Իրանի նպատակադրումն ու պատրաստակամությունը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց զարգացմանը, էներգետիկայի, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, զբոսաշրջության և այլ ուղղություններով համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին