ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ ավիահարվածներ է հասցրել ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության(ՄԱՕԱԳ) դպրոցին Գազա քաղաքի շրջանում, որտեղ, իսրայելական հետախուզության տվյալներով, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկներ են գործել:
«Իսրայելի ՌՕՈւ-ն ճշգրիտ հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին, որոնք գործում էին Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Գազա քաղաքի հրամանատարա-վերահսկողական կենտրոնում։ Այն տեղակայված էր մի շենքում, որը նախկինում եղել է ՄԱՕԱԳ-ի «Շուջաիյա» դպրոցը»,-ասված է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ հարվածներից առաջ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական բնակչության համար ռիսկը նվազեցնելու համար:
«Ալ Ջազիրայի» հաղորմամբ՝ արդեն հաստատվել է վեց մարդու մահը:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել Գազայի հատվածից։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկները ներխուժել են սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և ավելի քան 250 պատանդ են վերցրել: Իշխանությունների տվյալներով՝ զոհվել է մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարել է անկլավի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից անկլավին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 41 հազարը, տուժել է ավելի քան 95 հազար մարդ: