ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի ընտանիքն արդեն երեք ամիս է` նրա հետ հեռախոսով չի խոսել։ Այդ մասին գրել է նրա կինը` Լինդա Էուլջեքչյանը Х սոցցանցում։
Նա նշել է, որ ո՛չ ինքը, ո՛չ իրենց երեխաները արդեն երեք ամիս է նրա ձայնը չեն լսել։ Սակայն Կարմիր խաչի ներկայացուցիչներն ամեն ամիս այցելում են նրան և ասում, թե Վիգենը հրաժարվել է նրանց հետ զրուցել։
«Մենք կարծում ենք, որ Բաքուն արգելում է Վիգենին շփվել որևէ մեկի հետ բացի Կարմիր խաչի ներկայացուցիչներից։ Շատ մտահոգված եմ, քանի որ դաժան վերաբերմունքի հետևանքով հնարավոր է` Վիգենին հոսպիտալացրել են կամ նա մահացել է։ Ապացուցեք, որ Վիգենը ողջ է։ Թույլ տվեք նրան զանգահարել ինձ և երեխաներին», – գրել է Լինդան։
Էուլջեքչյանի կինը չի բացառում, որ ընտանիքի հետ շփումն արգելելով Բաքվի իշխանությունները փորձում են թաքցնել նրա նկատմամբ ցուցաբերվող դաժան վերաբերմունքը։
Նշենք, որ մի քանի տարի առաջ Էուլջեքչյանը ՀՀ քաղաքացիություն էր ստացել. 2019 թվականին նա սկզբում տեղափոխվել էր Երևան, այնուհետև` Շուշի։ 2020 թվականի նոյեմբերին ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված Վիգեն Էուլջեքչյանին Բաքվի ռազմական դատարանը 2021 թվականի հունիսին դատապարտել է 20 տարվա ազատազրկման «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։
2023 թվականի դեկտեմբերին հայ գերիների ազատ արձակման ժամանակ Էուլջեքչյանի անունն ընդգրկված էր ադրբեջանական կողմի հրապարակած նախնական ցուցակում, սակայն նրան չեն վերադարձրել։