ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik․ Այսօր 78 տարեկանում մահացել է երգիչ, երգահան Վյաչեսլավ Դոբրինինը։ Ռուսական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ արտիստը մահացել է այսօր Մոսկվայի կլինիկաներից մեկում, որտեղ նա հոսպիտալացվել էր մոտ մեկ աշաբաթ առաջ ուղեղի կաթվածից հետո։
Վյաչեսլավ Դոբրինինի հայրը՝ Գալուստ Պետրոսյանը, ծնունդով Լոռիից էր, փոխգնդապետ։ Մայրն ազգությամբ ռուս էր՝ Աննա Անտոնովան, բուժքույր։ Դոբրինինի ծնողները Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ են, ծանոթացել են ռազմաճակատում՝ ամուսնությունը գրանցելով ռազմադաշտային զագսում։ Պատերազմից հետո մայրը վերադարձել է Մոսկվա՝ չիմանալով, որ արդեն հղի է, իսկ հայրը՝ Հայաստան։ Ասում են՝ պատճառն այն է, որ հոր հարազատները չեն ցանկացել ընդունել մորը։
Հարցազրույցներից մեկում Դոբրինինն ասել է, որ հորը տեսել է միայն մեկ լուսանկարով, թեպետ հայրն իր գոյության մասին իմացել է։ Ինքը՝ Դոբրինինը, երբևէ չի կրել Պետրոսյան ազգանունը։
Նա նաև մի առիթով խոստովանել է, որ երաժշտական տաղանդը հորից է ժառանգել։
Դոբրինինը վերջին անգամ Հայաստան էր այցելել 2012 թվականին։