ԱԴԾ-ի աշխատակիցները Ինգուշեթիայում մի շարք ահաբեկչություններ են կանխել։ Հանցագործներին ձերբակալելիս նրանցից մեկը կրակ է բացել և ոչնչացվել։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնից։
Նշվում է, որ Մագասում և Նազրանում կանխվել է տեղի ութ բնակիչների (ՌԴ քաղաքացիներ) հակաիրավական գործունեությունը, որոնք «նախապատրաստում էին դիվերսիաներ տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներում և հարձակումներ իրավապահ մարմինների աշխատակիցների վրա»:
«Ձերբակալման ժամանակ հանցագործներից մեկը զինված դիմադրություն է ցույց տվել և կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ստացել, մյուսները ձերբակալվել են»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հանցագործների բնակության հասցեներում և կահավորված թաքստոցներում հայտնաբերվել է մոտ 10 կգ տրոտիլային համարժեքով ինքնաշեն պայթուցիկ սարք, նռնականետ, 5 ինքնաձիգ, 9 ատրճանակ, 11 նռնակ՝ պայթուցիչներով, տարբեր տրամաչափի ավելի քան 8,5 հազար փամփուշտ, տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ: Նրանց կողմից օգտագործվող կապի միջոցներում հայտնաբերվել են մարտական գործողություններ վարելու խորհուրդներ, պայթուցիկ և հրկիզող սարքեր հավաքելու հրահանգներ:
Հարուցվել է քրեական գործ դիվերսիայի նախապատրաստման, հրազենի ապօրինի շրջանառություն և պայթուցիկ սարքերի ապօրինի պատրաստման հոդվածների հատկանիշներով: