Իսրայելական ավիացիան առաջին անգամ հարձակվել է Բեյրութում գտնվող շենքի վրա. ականատես

Լիբանանում Sputnik-ի թղթակցի ընտանիքը նույնպես բնակվում էր այն բարձրահարկ շենքում, որին իսրայելական բանակը թիրախավորված հարված է հասցրել։
Sputnik
Իսրայելական ավիացիան առաջին անգամ հարված է հասցրել Բեյրութ քաղաքի տարածքին՝ Կոլայի շրջանում գտնվող շենքին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ավիացիան հարվածել է Կոլայի կամրջի մոտ գտնվող շենքին։ Հրթիռը պայթել է բնակարանում։ Երևում է այրվող մարմինը»,-գործակալությանը պատմել է ականատեսը։
Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը հայտարարել է, որ իր երեք առաջնորդները սպանվել են Բեյրութի Կոլայի շրջանին հասցված հարվածի հետևանքով (ԶԼՄ-ների տվյալներով՝ սպանվածների թվում է նաև Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի անվտանգության ծառայության ղեկավար Մոհամմադ Աբդել-Աալը), իսկ ՀԱՄԱՍ-ը հայտնել է Լիբանանում իր առաջնորդներից մեկի՝ արտասահմանում շարժման ղեկավարության անդամ Շարիֆ Աբու Ալ-Ամինի մահվան մասին:
Իսրայելը 900 կիլոգրամանոց ավելի քան 80 ռումբ է նետել «Հզբոլլահի» ղեկավարին սպանելու համար
Կան նաև այլ զոհեր։ Ինչպես հայտնել է Sputnik-ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, Լիբանանում Sputnik-ի թղթակից Ահմեդ Մուհամեդը կորցրել է հարազատներին Բեյրութի արվարձանում բարձրահարկ շենքին ՑԱԽԱԼ-ի հարվածից հետո:
«Ահմեդի հարազատներն էին այդ շենքում ապրում։ Երկուսը զոհվել է, ևս երկուսի ճակատագիրն անհայտ է, երեքը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում: Մեր ցավակցություններն Ահմեդին և նրա ընտանիքին»,-գրել է նա իր Telegram-ալիքում։
Անցած շաբաթվանից Իսրայելի օդուժը «Հզբոլլահի»՝ Լիբանանի տարբեր շրջաններում գտնվող օբյեկտների ուղղությամբ իրականացնում է զանգվածային հարվածներ։
Արձանագրվել են նաև մի քանի կետային ավիահարվածներ Բեյրութին, որոնց արդյունքում ոչնչացվել են «Հզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարներ: Այս պահի դրությամբ Իսրայելի բանակը զեկուցել է «Հզբոլլահի» մի քանի հազար թիրախների ուղղությամբ հարվածների մասին։
Լիբանանում Իսրայելի հարձակումների պատճառով Իրանը կոչ է արել շտապ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ հրավիրել
Դիտորդները նշում են, որ «Հզբոլլահի» վրա Իսրայելի՝ նման ինտենսիվությամբ հարձակում չի արձանագրվել 2006 թվականի լիբանանյան երկրորդ պատերազմից ի վեր:
Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո։