Իրանը պատրաստ է «Չաբահարի» մուտք տրամադրել ոչ միայն Հայաստանին, այլև ԵԱՏՄ մյուս երկրներին

Իրանի աշխարհագրական դիրքը նպաստում է ԵԱՏՄ երկրներից դեպի Եվրոպա բեռների տարանցիկ փոխադրմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Իրանը պատրաստ է «Չաբահար» նավահանգիստ մուտք տրամադրել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներին։ Այս մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբակը՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Երևանում անցկացվող «ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսություն» պանելային քննարկման ժամանակ:
ՀՀ–ն ակտիվ աշխատանքներ է տանում նոր լոգիստիկ ուղիների ստեղծման ուղղությամբ. նախարարություն
Ինչպես նշել է նախարարը, Իրանի աշխարհագրական դիրքը նպաստում է դեպի Եվրոպա բեռների տարանցիկ փոխադրմանը: Նշված տարանցմամբ անցնում են տարբեր տրանսպորտային միջանցքներ, որոնք կապում են Սև ծովը Կասպից ծովի և Հնդկական օվկիանոսի հետ։
Նրա խոսքով՝ Հնդկական օվկիանոսում իրանական «Չաբահար» նավահանգիստ մուտք գործելը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ուղղություններից մեկն է:
«Մուտքն արդեն տրամադրվել է Հայաստանին։ Մենք լիովին աջակցում ենք այս նախագծին։ Ավելին` նավահանգստային ենթակառուցվածքը ԵԱՏՄ բոլոր երկրների համար արդեն պատրաստ է», - նշել է Աթաբակը։
Հիշեցնենք` Հայաստանը, Իրանը և Հնդկաստանը ծրագրում են առևտրային երթուղի գործարկել իրանական «Չաբահար» նավահանգստի մասնակցությամբ։
ՀՀ–ն ակտիվ աշխատանքներ է տանում նոր լոգիստիկ ուղիների ստեղծման ուղղությամբ. նախարարություն
Երթուղին նախատեսված է Պարսից ծոցի երկրներից և Հնդկաստանից դեպի ԵՄ և ԵԱՏՄ ապրանքների տեղափոխման համար։ Այսպես, հնդկական Մումբայ նավահանգստից բեռները կարող են առաքվել «Չաբահար» նավահանգիստ (Իրանի հարավ-արևելք), որից հետո ցամաքային ճանապարհով՝ Հայաստան (կա՛մ ավտոճանապարհով, կա՛մ երկաթուղով), այնուհետև Վրաստան, և արդեն այնտեղից՝ Բուլղարիայի կամ Հունաստանի նավահանգիստներ, կամ էլ Ռուսաստան (ծովային նավահանգիստներով կամ «Վերին Լարս» անցակետով)։ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը կարևոր է Իրանի և Հնդկաստանի համար, որոնք ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց ապրանքների մատակարարումները։