Հայկական ընկերությունները ԵԱՏՄ կոոպերացիոն նախագծերին մասնակցելու մեծ ներուժ ունեն. Տերյան

Նարեկ Տերյան
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը կարծում է, որ կոոպերացիոն նախագծերին մասնակցելու ամենամեծ ներուժն ունեն շինանյության, դեղագործության, տեքստիլ և ոսկերչական արտադրությամբ զբաղվող հայ տնտեսվարողները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայկական ընկերությունները ԵԱՏՄ կոոպերացիոն նախագծերին մասնակցելու մեծ ներուժ ունեն։ Այդ մասին Երևանում ԵԱՏՄ 3–րդ համաժողովի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը:
Նրա խոսքով՝ աջակցության մեխանիզմներն արդյունավետ գործիք կդառնան ԵԱՏՄ երկրների ձեռնարկությունների կողմից ռազմավարական կարևոր նախագծերի իրականացման համար՝ զգալիորեն ավելացնելով երկրների միջև փոխադարձ ներդրումները:
«Մենք բավականին մեծ ակնկալիքներ ունենք այս գործիքից և հուսով ենք, որ հայկական արդյունաբերական ձեռնարկությունները կօգտվեն տվյալ նախագծի ընձեռած հնարավորություններից»,– ասաց Տերյանը:
Նրա խոսքով` Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2024 թվականի առաջին կիսամյակում աճել է 20 տոկոսով։ Հաշվի առնելով դա՝ հայ արտադրողները նման նախագծին մասնակցելու մեծ ներուժ ունեն։
Տերյանը նշեց, որ Հայաստանում կոոպերացիոն նախագծերի նախաձեռնողներ կարող են դառնալ մետաղական, շինանյութերի, մասնավորապես` ջերմամեկուսացման (բազալտ, պեռլիտ) ձեռնարկությունները:
ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսության նախարարները հոկտեմբերի 18-ին կհավաքվեն Երևանում. Բարսեղյան
Նույնը, ըստ նրա` վերաբերում է դեղագործությանը և տեքստիլ արդյունաբերությանը:
«Համագործակցության մեկ այլ տարբերակ կարող է լինել այլ երկրներում հայկական մեքենաշինական և սարքաշինական ընկերությունների մասնակցությունը ծրագրերին»,– նշեց Տերյանը:
Փոխնախարարը համագործակցության պոտենցիալ տարբերակ է համարում նաև ոսկերչության ոլորտում իրականացվող նախագծերը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ երկրներում ոսկու և ալմաստի պաշարները, ինչպես նաև նման արտադրության ոլորտում Հայաստանի մեծ փորձը:
Առևտրաշրջանառությունն աճել է 6 անգամ. Ռեշետնիկովը՝ ԵԱՏՄ-ի շնորհիվ ՀՀ-ի ՀՆԱ-ի աճի մասին
Նշենք, որ Երևանում սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին ընթանում են Եվրասիական տնտեսական համաժողովը և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:
Երևանում ընթանում են Եվրասիական տնտեսական համաժողովը և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Միջոցառումները կշարունակվեն հոկտեմբերի 1-ին։