Հայաստանը մեծ ներուժ ունի. Բարսեղյանը՝ ԵԱՏՄ-ում սննդամթերքի անվտանգության մասին

Նա նշեց, որ ԵԱՏՄ շրջանակներում ակտիվ աշխատանք է տարվում պարենային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը մեծ ներուժ ունի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պարենային անվտանգության ապահովման առումով։ Այս մասին երկուշաբթի Երևանում լրագրողներին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Գոհար Բարսեղյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
«Մենք աշխատում ենք միության անդամ յուրաքանչյուր պետության ներուժի ընդլայնման ուղղությամբ։ Գիտեք, որ գյուղատնտեսությունը բավականին զգայուն ուղղություն է յուրաքանչյուր երկրի համար: Միության շրջանակներում մենք համակարգված, համաձայնեցված քաղաքականություն են իրականացնում»,-ասել է Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 1-ին միության երկրների կառավարությունների ղեկավարների հաստատմանը կներկայացվի պարենային երկու կարևոր փաստաթուղթ անվտանգության ապահովման մասով: Դրանք բոլոր կարևորագույն գյուղատնտեսական ապրանքների գծով կանխատեսվող հաշվեկշիռներն են, որոնք հնարավորություն են տալիս միմյանց տեղեկացնել շուկայում տիրող իրավիճակի մասին և այդ տեղեկատվության հիման վրա խորացնել փոխգործակցությունը։
ԵԱՏՄ–ում վերամշակող արդյունաբերության աճով առաջատարը Հայաստանն է. Բարսեղյան
Ինչպես Բարսեղյանը նշեց, COVID-19–ի համավարակը ևս մեկ անգամ ցույց տվեց այս ուղղությամբ ինտեգրման խորացման կարևորությունը։
Ներկայում միության շրջանակներում ակտիվ աշխատանքներ են տարվում պարենային անվտանգության ապահովման հարցերի շուրջ, եզրափակեց նա:
Երևանում սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին անցկացվում են Եվրասիական տնտեսական համաժողովը և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Առևտրաշրջանառությունն աճել է 6 անգամ. Ռեշետնիկովը՝ ԵԱՏՄ-ի շնորհիվ ՀՀ-ի ՀՆԱ-ի աճի մասին