ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ ընդհանուր բորսային շուկայի ձևավորման հայեցակարգի նախագիծը կքննարկվի Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում: Այս մասին Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան լրագրողներին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։
«Մենք հույս ունենք, որ հայեցակարգը կհաստատվի կառավարությունների ղեկավարների կողմից, իսկ ընդհանուր բորսային շուկան կսկսի գործել 2030 թվականին»,-ասաց նա:
Երմոլովիչը պարզաբանեց, որ հայեցակարգը նախատեսում է բավականին կարճ ժամանակահատվածում ընդհանուր բորսային շուկայի ձևավորման չորս փուլ։ Ընդ որում, այդ ժամանակահատվածում կմշակվի և կստորագրվի բորսային ծրագրերի մասին համաձայնագիր։
Հայեցակարգի հաստատումից հետո նախատեսվում է մշակել շուկայի ձևավորման մանրամասն միջոցառումներ սահմանող ծրագիր:
Ծրագրի նախագիծն արդեն պատրաստ է, մնում է այն իրականացնել գործնականում։
Երմոլովիչն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ բորսաները չեն սպասում որոշումների, այլ ակտիվորեն աշխատում են փոխգործակցության տարածք ստեղծելու ուղղությամբ:
Նա նշեց, որ փոխգործակցության այդ միջավայրն արդեն ամրապնդվել է կոնկրետ համաձայնագրերով, հնգակողմ համաձայնագիր է ստորագրվել Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում, որում ընդգրկվել են թե՛ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի երկրները, թե՛ դիտորդ երկրները: Այսինքն՝ բորսաներն իրենք են կազմակերպվում, սկսում են համագործակցել գների ցուցանիշների ձևավորման շուրջ, ինչը շատ կարևոր է ընդհանուր շուկայի համար։
«Սա կարևոր է ոչ միայն ֆիսկալ մարմինների համար, այլև ընդհանուր շուկաների վիճակը վերահսկելու տեսանկյունից, որտեղ առուվաճառքի են հանվում ստանդարտացված ապրանքներ: Մեզ համար նույնպես դա շատ կարևոր է, քանի որ դա փոխգործակցության սխեմա է, որը կարելի է մասշտաբավորել, և հետագայում մենք հենվելու ենք բորսաների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, որպեսզի արդեն ընդհանուր բորսային տարածք ձևավորենք»,-ասել է նա։
Ընդհանուր բորսային շուկայի աշխատանքի տիպային կանոնների մշակման գործընթացն ընթանում է ինչպես հանձնաժողովում, այնպես էլ հենց բորսաների, դրանց կազմակերպությունների փոխգործակցության շրջանակում:
Երևանում ընթանում են Եվրասիական տնտեսական համաժողովը և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Միջոցառումները կշարունակվեն հոկտեմբերի 1-ին։