ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան պետք է առաջարկի ուժային միջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ, եթե Անվտանգության խորհուրդը չկարողանա կանգնեցնել նրա հարձակումները տարածաշրջանում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո։ Նրա խոսքով՝ այժմ Անկարան ուժեղացված դիվանագիտական աշխատանք է տանում Իսրայելին կանգնեցնելու համար, այդ աշխատանքներում ներգրավված են ԱԳՆ ղեկավարը, Ազգային հետախուզության ղեկավարը և այլ պաշտոնատար անձինք:
«Միջազգային հանրությունն այլևս չի կարող լռել իսրայելական ավազակության մասին, որն այրում է ամբողջ տարածաշրջանը։ Եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն անհրաժեշտ կամք չցուցաբերի, ապա Գլխավոր ասամբլեան ուժի կիրառումը երաշխավորելու լիազորություն ունի, և այդ լիազորությունները պետք է շտապ գործի դրվեն»,- վստահ է նա։
Էրդողանը նաև կարծում է, որ իսլամական երկրները պետք է հստակ պատասխան տան Գազայի հատվածում, Հորդանանի արևմտյան ափին և Լիբանանում ճնշումներին:
Այսօր ավելի վաղ The Washington Post–ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել էր, որ Իսրայելը կարող է Լիբանանում սահմանափակ ցամաքային գործողություն սկսել առաջիկա ժամերին։
Իսրայելի և «Հզբոլլահի» միջև հակամարտության սրացումը սկսվել է սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում կապի սարքերի մի շարք պայթյուններից հետո: Շիա շարժումը միջադեպերի համար մեղադրել Է Իսրայելին, թեև հրեական պետության իշխանությունները պաշտոնական մեկնաբանություններ չեն տվել՝ հայտարարելով միայն հյուսիսային սահմանին ակտիվության ուժեղացման մասին:
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի շրջանակներում հարվածներ են հասցվել Լիբանանում «Հզբոլլահի» ռազմական օբյեկտներին: Սեպտեմբերի 27-ին Բեյրութին հասցված հարվածներից մեկի ժամանակ սպանվել է «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրուլլան: