ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի շուկայի ծավալը կազմել է 82 մլրդ դոլար։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովը։
«Ներկայում ԵԱՏՄ մանրածախ առևտրում էլեկտրոնային առևտրի ընդհանուր մասնաբաժինը կազմում է մոտ 13 տոկոս, սակայն կայուն աճ է նկատվում։ Եվ մենք կանխատեսում ենք, որ մինչև 2030 թվականն այն կհասնի 30%–ի։ Մենք հստակ գնում ենք այդ կանխատեսման ուղղությամբ»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ անցած տարվա արդյունքներով էլեկտրոնային առևտրում 20 տոկոսի չափով աճի տեմպեր նկատվում են գրեթե բոլոր երկրներում։ Ընդ որում, միության տարածքում համացանցը մշտապես օգտագործում է 78 մլն մարդ։
ԵԱՏՄ–ի Ինտերնետ-առևտրի ասոցիացիայի դաշինքի համահիմնադիր, Ինտերնետ-առևտրի ընկերությունների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Սոկոլովը ներկայացրել է հետազոտության տվյալները, որոնց համաձայն՝ ԵԱՏՄ տարածքում միջին վիճակագրական քաղաքացին ինտերնետից օգտվում է միջինը 4 ժամ 32 րոպե։
«Գործարքների մոտ 60%-ն իրականացվում է ինտերնետ-հարթակների միջոցով, մի շարք կատեգորիաներ արմատավորվել են առցանց ռեժիմում, ինչպես, օրինակ, էլեկտրոնիկան, տեխնիկան, կենցաղային ապրանքները, սնունդը։ Առաջին երեք կատեգորիաներում վաճառքի ծավալը կազմում է մանրածախի ծավալների 25-30 տոկոսը»,-ասել է նա։
E-commerce-ում վաճառքի առաջատարը սննդամթերքն է։ Սոկոլովն ընդգծել է, որ էլեկտրոնային առևտուրն ապահովում է զբաղվածության աճ, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի սուբյեկտների ներգրավումը, մասնավորապես, լոգիստիկ շղթաներում:
Նա ընդգծել է, որ դա նաև թույլ է տալիս շուկայական մեծ ուժ ունեցող սուբյեկտներ ձևավորել, որոնք կարող են ազդել ինչպես առանձին շրջանների, այնպես էլ ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսության վրա:
Երևանում սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին ընթանում են Եվրասիական տնտեսական համաժողովը և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: