ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Արևմտյան էլիտաները Ուկրաինան վերածել են իրենց գաղութի, ռազմական հենակետի, որը նշան է բռնում Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռուսաստանի հետ չորս նոր տարածաշրջանների վերամիավորման օրվա առթիվ տեսաուղերձում նա հիշեցրել է, որ Մոսկվան փորձել է հասնել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը:
«Մենք չենք լքել մեր քույրերին ու եղբայրներին, փորձել ենք հասնել ծանրագույն հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Դուք գիտեք, թե ինչով ավարտվեցին այդ բանակցությունները՝ արևմտյան էլիտաների կողմից ստերով, կեղծիքներով և խաբեությամբ, նրանք այս ընթացքում Ուկրաինան վերածեցին իրենց գաղութի, ռազմական հենակետի, որը նշան է բռնում Ռուսաստանին»,-ընդգծել է Պուտինը։
Նա հավելել է, որ արևմտյան էլիտաները համակարգված կերպով ատելություն և արմատական ազգայնականություն էին սերմանում Ուկրաինայում, թշնամանք էին հրահրում այն ամենի նկատմամբ, ինչը ռուսական է։
Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ Դոնբասը ութ տարի ապրում էր մշտական գնդակոծությունների և շրջափակման անտանելի պայմաններում, Նոր Ռուսաստանի բնակիչները հալածանքների էին ենթարկվում: