ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզում՝ Արևիկ հանգստյան գոտուց մինչև Շողակաթ համայնքն ընկած ճանապարհահատվածում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը, որին ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Փաշինյանը մասնակցել է նաև հեծանվավազքին՝ մասնակից աշակերտներին հեծանիվով ուղեկցելով մեկնարկից մինչև եզրագիծ:
«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարը
Մրցաշարն անցկացվել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև, եզրափակիչ փուլին մասնակցել են 1-ին փուլում 1-3-րդ տեղերը գրաված դպրոցների կամ վարժարանների հավաքական թիմերը:
Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվել են ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով: 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվել է 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով:
Պարգևատրվել են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները. 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ և 3-րդ տեղ՝ 300,000 ՀՀ դրամ: Հեծանվավազքի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ 2 մասնակից՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 75,000-ական դրամ:
Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվել են ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով
Հիշեցնենք, որ այսօր` օրվա առաջին կեսին, Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, Մայթ աթոռում մասնակցում էին տաճարի օծման արարողությանը։ Նրանք չսպասեցին պատարագի ավարտին և տաճարից հեռացան այն պահին, երբ կաթողիկոսը պատրաստվում էր իջնել բեմից ու հնարավորություն տար ներկաներին համբուրել Սուրբ խաչը ու ստանալ հայրապետական օրհնություն։