ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում երիկամների փոխպատվաստման կարիք ունեցողների թիվն աճել է։ Այս մասին են վկայում Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած տվյալները։
Նախարարությունից հայտնել են, որ այս սեպտեմբերի դրությամբ երիկամի փոխպատվաստման կարիք ունի մոտ 600 պացիենտ` հաշվի առնելով այն փաստը, որ այս պահին ՀՀ-ում ծրագրային հեմոդիալիզով բուժում են ստանում մոտ 1400 պացիենտ: Այն դեպքում, երբ 2023 թվականի սեպտեմբերին այդ վիրահատությանը սպասում էր 400 հոգի։ Լյարդի փոխպատվաստման կարիք ունեն մոտ 29 պացիենտ:
Առողջապահության նախարարության տվյալներով` վերջին 3 տարիների ընթացքում (2021–2023 թթ ներառյալ) պետական պատվերի շրջանակներում իրականացվել է 52 երիկամի փոխպատվաստում և 10-ը` լյարդի։ Բայց Հայաստանում տվյալներ առկա չեն սրտի փոխպատվաստման կարիք ունեցող պացիենտների մասին։
Առողջապահության նախարարությունից պարզաբանել են, որ Հայաստանում սրտի փոխպատվաստումը հնարավոր կլինի, երբ գործարկվի օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրը, կսահմանվեն սրտի փոխպատվաստման համար անհրաժեշտ իրավական նորմերը (մասնավորապես՝ փոխպատվաստման համար դիակային դոնորից սիրտ վերցնելու կարգը), կսահմանվի օրգանի մշակման և փոխպատվաստման կարգը: Ի դեպ, ռեեստրի գործողության և ձևավորման կարգը ուժի մեջ է մտել 2022 թվականի նոյեմբերին։
Հիշեցնենք, որ «Մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքն ընդունվել է դեռևս 2009 թվականին և գործում է այսպես կոչված համաձայնության կանխավարկածի սկզբունքով. դա նշանակում է, որ եթե մարդը կենդանության օրոք չի հայտարարել մերժման մասին, նրա օրգանները հարազատների թույլտվությամբ կարող են հանվել: Սակայն գործնականում օրենքը սկսել են մասամբ կիրառել միայն 2019 թվականից, երբ Հայաստանում հաստատվեց փոխպատվաստման համար թույլատրված օրգանների ցանկը՝ երիկամները, լյարդը և եղջերաթաղանթը կենդանի դոնորներից։
Հայաստանի առողջապահության նախարարությունը դեռ հուլիսին հավանություն էր տվել այն օրգանների և հյուսվածքների ցանկին, որոնք կսկսեն փոխպատվաստել մահացած դոնորներից, սակայն առայժմ հավաքագրում չի իրականացվում։