Միջնադարյան Ամբերդ ամրոցը վերականգնվում է։ Մոտ 1 ամիս է՝ արդեն մեկնարկել են հողահեռացման, զուգահեռ՝ ամրակայման աշխատանքները։ Խիստ վթարային վիճակում գտնվող կառույցի վերականգնման համար պետությունը մոտ 500 մլն դրամ է հատկացրել։
Ըստ պատմական աղբյուրների՝ Ամբերդի շինարարությունը սկսվել է դեռ 7-րդ դարում։ 10-րդ դարում եղել Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմապաշտպանական-հենակետերից մեկը, անառիկ ամրոցի համբավ է ունեցել: Ասում են՝ Ամբերդը պատասխանատու դեր ուներ Անիի պաշտպանողական օղակում։ 1236 թվականին ամրոցը գրավել և հիմնովին ավերել են մոնղոլները, հետագայում այն կրկին վերակառուցվել է։ Երբեմնի հզոր բերդաքաղաք-ամրոցն աստիճանաբար իր նշանակությունը կորցրել, լքվել ու ամայացել է 14-րդ դարի վերջից։
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի վարիչի տեղակալ Մանուկ Մանուկյանն ամբողջ կյանքն այս տարածքում է անցկացրել։ Տեսել է, թե ինչպես են 70-ականներին վերականգնում եկեղեցին, 2000-ականներին՝ բաղնիքը, մուտքերը, բայց գլխավոր կառույցին՝ միջնաբերդ-դղյակին, հերթն այդպես էլ չէր հասնում։ Հիմա մեծ ոգևորությամբ է հետևում իրականացվող աշխատանքներին, որոնք ամրոցի փրկության համար արդեն հրատապ էին։
Մանուկ Մանուկյան
© Sputnik
«7 դարերի ընթացքում անտերության մատնված ամրոցը բնակլիմայական պայմանների ազդեցության տակ քանդվել, քայքայվել և բավականին լուրջ վնասվել էր։ Բուրգերից մեկը ժամանակին փլուզվել է, ընկել է ձորը, մնացած բուրգերը սկսել են ճաքեր տալ։ Ճաքերը գնալով խորանում էին»,- ասում է Մանուկյանն ու հավելում՝ 1988թ․ երկրաշարժն էլ իր հետքն էր թողել ամրոցի վրա։
Մարդկային գործոնն էլ կա․ Մանուկյանը ցույց է տալիս ամրոցի հարևանությամբ ծածանվող եռագույնը, ասում է՝ ժամանակին դրոշը միջնաբերդում էր բարձրացված՝ բուրգի վերևում։ Այցելուներից շատերը ձգտում էին հասնել դրոշին, նկարվել վերևում։
«Սա վտանգավոր էր նախ այցելուների համար, երկրորդն էլ՝ հուշարձանի։ Ամեն բարձրանալ-իջնելուց ոտքի հետ հուշարձանը քայքայվում է։ Ցավոք, լինում էին նաև այցելուներ, որոնք վերևից քարեր էին գլորում ներքև»,- նշում է Մանուկյանը։
Հիմա հուշարձանում խիստ հսկողություն է սահմանված, որ այլևս ամրոցապատերի վրա բարձրացողներ չլինեն։ Վերականգնումից հետո նաև նախատեսվում է թափանցիկ հատակով մետաղական անցուղիներ կառուցել, որ ամրոց այցելող զբոսաշրջիկները կարողանան հանգիստ շրջել դղյակի ներսում։
Ամրոցի վերականգնման, բարեկարգման նախագծի վրա երկար ու մանրակրկիտ են աշխատել։
Նախագծային աշխատանքները սկսվել են 2018 թվականից։ Վերականգնման նախագիծը կազմելու համար մանրամասն ուսումնասիրություններ, չափագրումներ, նաև՝ հետազոտական պեղումներ են արվել։
«Ստացանք կառուցվածքը՝ ինչ սենյակներից է բաղկացած եղել, ինչ պարսպապատեր ունի, ինչ շինանյութ է օգտագործվել, շաղախ և այլն։ Նյութաբանական և ֆիզիկամեխանիկական ուսումնասիրությունից պարզվեց, որ բավականին ամուր շաղախ՝ կապակցանյութ ունենք, ստացանք քիմիական բաղադրությունը, հետո արդեն շարունակեցինք նույն բաղադրության ստացումով։ Շինարարական աշխատանքների ընթացքում պիտի փորձենք ստանալ նույն շաղախից»,- նշում է վերականգնող ճարտարապետ Գևորգ Գյուլամիրյանը։
Գևորգ Գյուլամիրյան
© Sputnik
Նրա խոսքով՝ չափագրությունով նաև ամբողջովին բացահայտվել է ներքին հորինվածքը՝ հարկայնություն, կոմունիկացիաներ, ինչպես են սենյակից սենյակ, հարկից հարկ անցել և այլն։
«Այդ ամենը վերականգնել այս պահին դեռ չի լինի։ Նաև արխիվային ուսումնասիրություններ արեցինք, համադրեցինք մեր աշխատանքների հետ և արդյունքում մեր առաջարկը կազմեցինք՝ ամրակայել դղյակն այս վիճակում, նաև որոշ հատվածներում անենք վերականգնումներ, քարերի վերաշարումներ, օրինակ, հյուսիսային, հարավային աշտարակները մասնակի վերականգնենք և այլն»,- նշում է ճարտարապետը։
Ամրոցի, այսպես ասած, մաշված տեսքը պահպանվելու է, կարաններն էլ ամրակայվելու են, բայց կրկին պահպանվելու են։
Ամբերդը Հայաստանի ամենաայցելվող հուշարձաններից է։ Տարեկան միջինը մոտ 25-30 հազար այցելու է ունենում։ Հնարավոր է՝ այցելուների անվտանգության և աշխատանքների իրականացման համար միջնաբերդը ժամանակավորապես «կոնսերվացվի», այցելուների մուտքը արգելվի, բայց հուշարձանի մյուս կառույցները հասանելի կլինեն։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 5-6 տարվա ընթացքում։