Ով օծված է մյուռոնով, չի կարող հրաժարվել իր պատմությունից. վեհափառը համախմբման կոչ է անում

Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքով` ներքաղաքական կյանքում սկիզբ դնել առողջ երկխոսության և ելքի ուղիներ գտնել Հայաստանում ժողովրդի կյանքի ապահով ու անվտանգ վերականգնման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայ ժողովուրդը պետք է համախմբվի, որպեսզի զերծ պահի հայրենիքը նոր ցնցումներից ու կորուստներից, քանզի ով օծված է սրբալույս մյուռոնով, չի կարող հրաժարվել սեփական պատմությունից։ Այս մասին սրբալույս Մյուռոնի օրհնության կարգից հետո ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն։
Նրա խոսքով` հարկ է փարատել ապագայի շուրջ առկա տագնապներն ու մտահոգությունները, վերատեսության ենթարկել սխալ ու ազգավնաս ընթացքները։
«Թող այս նոր մյուռոնը հույսի և վերհառնումի մյուռոն լինի, լուսաշող վկայություն` ազգային ու հայրենական մեր կյանքը վերընձյուղելու վճռականությամբ։ Անհրաժեշտ է հաստատուն մնալ մեր պետության շահերի պաշտպանության դիրքերում և չվտանգել ազգի ապագան։ Ով օծված է սրբալույս մյուռոնով, չի կարող ուրանալ անկախ հայրենիք ունենալու իր հայրերի երազանքները, հրաժարվել սեփական պատմությունից, իր նախնյաց ժառանգությունից, նսեմացնել սրբագործված արժեքները։ Ով օծված է սրբալույս մյուռոնով, չի կարող անարգել հայրենակից իր քույրերին ու եղբայրներին, քանզի ասված է` ով չի սիրում եղբորը, որին տեսնում է, ապա ինչպես կարող է սիրել Աստծուն, որին չի տեսնում»,– նշեց Գարեգին Երկրորդը։
Դիմելով արցախահայությանը` վեհափառը հայրապետական հորդոր հնչեցրեց` ասելով, որ անհրաժեշտ է աննկուն և անվհատ կերպով դիմագրավել դժվարություններին։ Վստահեցրեց` ազգովի պետք է հետևողական լինել` հայրենիքում ազատ ու արժանապատիվ ապրելու` արցախցիների իրավունքի պահանջատիրությանը։
Նա նաև նշեց` պետք է առավել ամրապնդել Հայաստան–սփյուռք հարաբերությունները, ներքաղաքական կյանքում սկիզբ դնել առողջ երկխոսության և ելքի ուղիներ գտնել մեր երկրում հայ ժողովրդի կյանքի ապահով ու անվտանգ վերականգնման համար։ Վեհափառի պնդմամբ` պետք է ուղեկից դարձնել արդարությունը, խիզախությունն ու ազնվությունը։
Հիշեցնենք` երեկ` սեպտեմբերի 27-ին, տեղի է ունեցել Մայր տաճարի Նավակատիքը` դռնբացեքը, նաև օծվել են եկեղեցու սյուները, իսկ վաղը` սեպտեմբերի 29-ին, տեղի է ունենալու Մայր տաճարի վերաօծումը` Սուրբ սեղանի օրհնման և Սուրբ պատարագի արարողությունները։