Միրզոյանն ու Պաղեստինի վարչապետը դիվանագիտական փաստաթուղթ են ստորագրել Նյու Յորքում

Կողմերը Նյու Յորքում հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային իրավիճակի շուրջ հարցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին փաստաթուղթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 27-ին, Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ։
Հիշեցնենք` հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ մեր երկիրը ճանաչում է Պաղեստինի պետությունը։ Մի շարք երկրներ, այդ թվում Պաղեստինը, ողջունեցին Հայաստանի այդ քայլը, իսկ Իսրայելը սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի հասցեին։ Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը հայտարարեց, որ Պաղեստինի պետականությունը ճանաչելու Հայաստանի որոշումը երկարաժամկետ հետևանքներ կունենա երկու երկրի հարաբերությունների համար։