ՀՀ ՄԻՊ–ն ահազանգում է` հոգեբուժարանում 3 ամիս ապօրինաբար անձ է պահվել

Դեպքի մասին մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ահազանգել նշված անձի մայրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Շուրջ երեք ամիս անձը ապօրինաբար պահվել է հոգեբուժական կազմակերպությունում և առերևույթ խախտվել է նրա անձնական ազատության իրավունքը։ Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Նշվում է, որ դեպքի մասին ՄԻՊ–ին ահազանգել է հոգեբուժարանում պահվող անձի մայրը։

«Նա հայտնել է, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել որդուն ոչ ավելի քան 6 ամիս ժամկետով հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման և բուժման ենթարկելու վերաբերյալ: 2 ամիս անց մասնագետներն արձանագրել են, որ որդու հոգեկան առողջության վիճակում առկա է դրական դինամիկա և վերջինս այլևս հոգեբուժական հիվանդանոցային բուժման կարիք չունի։ Հոգեբուժարանից դիմել են նույն դատարան՝ նախկինում կայացրած վճիռը վերացնելու պահանջով։Դատարանը վերադարձրել է դիմումը` պատճառաբանելով, որ այն պետք է ներկայացվի հենց այն դատարան (դատավորին), որը նախկինում վճիռ է կայացրել քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային բուժման ենթարկելու վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում:

Հոգեբուժարանը նույն հարցի վերաբերյալ մի քանի անգամ դիմել է նույն դատարան, գործը մակագրվել է նույն դատավորին և բոլոր դեպքերում կայացվել է նույնաբովանդակ որոշում։ Նշված որոշումն օրինական ուժի մեջ է թողնվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից:
Հոգեբուժարական հաստատությունում պահվող անձի մայրը դիմել է ՄԻՊ աշխատակազմ` հայտնելով, որ որդին բուժման կարիք այլևս չունի, սակայն նրա անձնական ազատության իրավունքը անհարկի սահմանափակվում է:
Հոգեբուժարաններում կիրառում են ժամկետանց ու անընդունելի դեղեր. Թաթոյան
Հետագայում առաջին ատյանի դատարանի մեկ այլ դատավոր վերացրել է հոգեբուժարանում ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու մասին վճիռը:
Մարդու իրավունքների պաշտպանը ստեղծված իրավիճակի հետևանքները խիստ մտահոգիչ է համարում։ Ընդգծվում է, որ արդյունքում շուրջ 3 ամիս անձը պահվել է հոգեբուժարանում` առանց ստացիոնար բուժման անհրաժեշտության հիմնավորվածության: ՄԻՊ–ը նշել է, որ պետությունը պետք է մշակի և իրացնի համանման իրավիճակներում մարդու իրավունքների երաշխավորման պատշաճ գործիքակազմեր։