Հետախուզության պետից մինչև գործարար․ ովքեր են բուժվում դատապարտյալների հիվանդանոցում

Այս ՔԿՀ-ի տեղում ժամանակին Երևանի բանտն էր, որի ամենահայտնի բանտարկյալը հայտնի բանաստեղծ Եղիշե Չարենցն էր։
Sputnik
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որը միակ մասնագիտացված բուժհաստատությունն է ՀՀ քրեակատարողական համակարգում, ներկայում մոտ 100 կալանավորված ու դատապարտված անձ է բուժօգնություն ստանում թերապևտիկ, հոգեբուժական, վիրաբուժական բաժանմունքներում (նարկոլոգիական ու թոքախտաբանական բաժանմունքները ներկայում չեն գործում)։ Պատմություները տարբեր են, առողջական խնդիրները` նույնպես։
Դատապարտյալներ Էդիկ Պողոսյանն ու Աշոտ Ղարայանը
Հոգեբուժական բաժանմունքի ղեկավար Գարիկ Ահարոնյանն այստեղ է արդեն մոտ 30 տարի։ Ասում է՝ իրականում իրենց գործն այնքան էլ հեշտ չէ. բժշկի աշխատանքին հատուկ պատասխանատվությանն ու ծանրությանը նաև այս աշխատավայրին բնորոշ դժվարություններն են ավելանում։ Շատ դեպքեր են լինում, երբ դատապարտյալը փորձում է կեղծել իր հոգեկան վիճակը՝ իբրև թե պատժից խուսափելու համար։ Տարիները սովորեցրել են կեղծն ու իրականն իրարից ավելի արագ տարբերել։
Գարիկ Ահարոնյան
«Հեշտ չէ, բայց մենք երդվել ենք յուրաքանչյուր պացիենտի օգնել, որը մեր կարիքն ունի։ Մեզ համար տարբերություն չկա՝ բուժօգնություն ենք ցուցաբերում ազատազրկվածին, թե ազատության մեջ գտնվող մարդուն»,- նշում է Ահարոնյանը։

ՔԿՀ–ի գրադարանավարը

Էդիկ Պողոսյանը 63 տարեկան է, արդեն 5 ու կես տարի է՝ ազատազրկված է Իրանից հոգեմետ նյութեր տեղափոխելու համար։ Պնդում է՝ չիմանալով է բերել։
«Ես բիզնես էի անում, իմ ընտանիքը 30 տարուց ավելի է՝ Ռուսաստանում է, իմանայի, բա տենց բան կանեի՞։ Սայթաքեցի»,- ասում է նա։
Էդիկ Պողոսյան
Էդիկը ծնունդով Կապանից է, պատիժը կրում էր «Գորիս» ՔԿՀ-ում։ Մոտ 2 տարի առաջ նրա մոտ ադենոմա է հայտնաբերվել, բժիշկներն ասել են՝ կյանքի համար վտանգավոր չէ։ Հաշվի առնելով կարգապահ կալանավոր լինելը՝ առաջարկել են ոչ միայն բուժում ստանալ, այլև աշխատել «Դատապարտյալների հիվանդանոցում»։ Արդեն 2 տարի է՝ նա այս ՔԿՀ-ի գրադարանավարն է։
«Բոլորին ասում եմ՝ կարդացեք, ջահելներին անընդհատ խրատում եմ՝ կարդալը պետք է, մարդ պետք է գրագետ լինի։ Անգրագետ մարդու դար չի»։

Կյանքի կեսը` 4 պատի մեջ

Աշոտ Ղարայանը կյանքի 50 տարիներից 17-ը կալանավայրում է անցկացրել։ 2008թ․ ցմահ դատապարտվել է սպանության համար, պատիժը կրում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։
Աշոտը ծնունդով Ստեփանակերտից է, մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, Շուշիի ազատագրմանը։ Եղել է գնդի հետախուզության պետ։ Կոչումով կապիտան է։ Մի քանի տարի առաջ ուղեղի կաթված է ունեցել, դրա համար պարբերաբար տեղափոխվում է այստեղ՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ ստացիոնար բուժման։
Աշոտ Ղարայան
Ասում է՝ այգում, մաքուր օդին զբոսանքն արդեն կազդուրում է, դրան էլ գումարվում է բժիշկների հոգատարությունը` մի քանի օրում վերականգնվում է։
«33 տարեկան էի, որ նստեցի։ Տղաներս փոքր էին, իսկ հիմա մեծս ամուսնացել է, էսօր–վաղը թոռնատեր եմ դառնալու։ Կյանքիս կեսը 4 պատի մեջ անցկացրի»,- ասում է Աշոտն ու ավելացնում՝ 20 տարին լրանալուց հետո իրավունք ունի դիմելու բաց կալանքի ռեժիմի կամ վաղաժամկետ ազատ արձակման համար։
«Եթե դուրս եկա այստեղից, առաջինը կմտնեմ եկեղեցի, կաղոթեմ, ու, Աստված տա, Ղարաբաղը մերը եղավ` առաջին բանը, որ անելու եմ, հորս գերեզման եմ գնալու, չեմ եղել․․․ (հայրը մահացել է 2011թ․-ին, երբ նա արդեն կալանավայրում էր,–խմբ.)»,- ասում է նա։
Ի դեպ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի այգում մի փոքրիկ մատուռ կա, որտեղ 2018 թվականից հոգևոր ծառայություն է մատուցում Սուրբ Աննա եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը։ Ժամերգություն, խոստովանություն, աղոթքներ․․․ Ասում է՝ շատերը հենց ազատազրկման մեջ են Աստծուն գտնում։
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի մատուռը
«Շատ դատապարտյալներ որ դուրս են գալիս, հիմա եկեղեցում են իրենց ընտանիքներով, զավակներով։ 11 տարվա դատապարտյալը հիմա Սուրբ Աննայի խորանում շապիկ է հագնում, ծառայություն է բերում սուրբ սեղանին։ Երբ նոր նշանակվեցի, առաջին անգամ մտա դատապարտյալների խուցը, մի տղայի հարցրեցի՝ անորոշ չէ՞ քեզ համար՝ 6 տարի նստած ես, դեռ 6 տարի էլ նստելու ես։ Ասաց՝ ինձ համար անորոշ էր, երբ դեռ չէի գտել Քրիստոսին, հիմա գտել եմ նրան ու էլ ոչինչ անորոշ չէ ինձ համար։ Եվ ես հասկացա, որ իմ առաքելությունը հենց դա է՝ իրենց անորոշ կյանքը տիրոջով դարձնել որոշյալ»,- ասում է Տեր Զենոնը։
Տեր Զենոն քահանա Բարսեղյան
Քահանան միաժամանակ նշում է՝ պետք չէ մոլորության մեջ ընկնել ու կարծել, թե այստեղ բոլորն են Աստծուն գտնում։ Այդպես չէ, բայց յուրաքանչյուր դարձի եկածի համար Աստծուն փառք է տալիս։
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում առաջին անգամ նշել են ՀՀ Անկախության տոնը
Ի դեպ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տեղում նախկինում Երևանի բանտն է եղել, որտեղ պահվել է բանաստեղծ Եղիշե Չարենցը։ Հիմա այդ շենքն, իհարկե, արդեն այլ նպատակով է օգտագործվում. նախկին մեկուսարանները, որոնցից մեկում նաև Չարենցն է եղել, այսօր որպես պահեստներ են օգտագործվում։
1 / 4

Չարենցի մեկուսարանի դուռը

2 / 4

Չարենցի մեկուսարանի դուռը

3 / 4

Չարենցի մեկուսարանի դուռը

4 / 4

Չարենցի մեկուսարանի դուռը