Ամուլսարի ոսկու հանքի գործարկման ժամկետները մնում են անփոփոխ. փոխնախարար

Հովհաննես Հարությունյանի վերջին մամուլի ասուլիսը Շիրակի մարզպետի սենյակում (4 նոյեմբերի, 2021թ․). Գյումրի
Հանքի գործարկմամբ երկրում բավարար ոսկու հանքաքար կլինի ոսկու շահավետ վերամշակման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ամուլսարի ոսկու հանքի գործարկման ժամկետները մնում են անփոփոխ. խոսքը 2025-ի առաջին կիսամյակի մասին է: Այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը Ծաղկաձորում Հայաստանի լեռնամետալուրգիական ձեռնարկությունների միության կողմից կազմակերպված «Mining Armenia» համաժողովում։
Նրա խոսքով՝ հանքավայրը կառավարող «Lydian» ընկերությունը լրացուցիչ պաշարների հետախուզում չի իրականացնում, այլ կենտրոնացած է նախկինում կառուցված ենթակառուցվածքի կրկնակի գնահատման վրա:
Ամուլսարի ոսկու հանքը կշահագործվի կա՛մ այս տարեվերջին, կա՛մ 2025 թ. սկզբին. Բաբկեն Թունյան
Հարությունյանը հավելեց, որ ժամկետների աննշան փոփոխություններ հնարավոր են աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված ֆինանսական գործոնների պատճառով: Սակայն, նույնիսկ այդ ռիսկերը հաշվի առնելով, կառավարությունը հայտարարված ժամկետներից էական շեղումներ չի ակնկալում։
Նա նաև նշեց, որ հանքի գործարկմամբ երկրում բավարար քանակությամբ ոսկու հանքաքար կլինի ոսկու շահավետ վերամշակման համար: Սակայն բանկային ձուլակտորների թողարկումն ավելի շատ քաղաքական հարց է, քանի որ խոսքը գնում է միջազգայնորեն ճանաչված վճարային միջոցի ստեղծման մասին։ Այս հարցերը, նրա խոսքով, արդիական կդառնան հանքի գործարկումից և պոտենցիալ գործընկերների հետ քննարկումներից հետո:
Հիշեցնենք, որ 2023-ի փետրվարին հուշագիր էր ստորագրվել «Lydian» ընկերության, ՀՀ կառավարության և Եվրասիական զարգացման բանկի միջև։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ներգրավել 250 մլն դոլարի ներդրում, որից 100 մլն դոլարը կկազմի ԵԱԶԲ-ի վարկը:
«Լիդիան Արմենիան» և «Ըլայդ Գոլդ Քորփ.»–ը մտադիր են համատեղ իրականացնել Ամուլսարի ծրագիրը