ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. «Վերին Լարս» անցակետում կայանատեղի կկառուցվի բեռնատարների համար։ Այս մասին Telegram–ի իր ալիքում հայտնել է Հյուսիսային Օսեթիա–Ալանիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
Նրա խոսքով` այդ հարցը քննարկվել է Մոսկվայում ՌԴ փոխվարչապետ Վիտալի Սավելևի հետ հանդիպման ժամանակ։
«Այսօր հիմնական խնդիրներից մեկը «Վերին Լարս» անցակետի ենթակառուցվածքների ընդլայնումն է։ Կանխատեսվող հոսքի ավելացման պայմաններում անցակետ հասնելու ճանապարհին 700–տեղանոց կայանատեղի կկառուցվի բեռնատարների համար», – պարզաբանել է Մենյայլոն։
Նշենք, որ Վերին Լարսում պարբերաբար հսկայական հերթեր են գոյանում հատկապես արձակուրդների սեզոնին և ամռանը գյուղմթերքով բեռնված մեքենաների հոսքի պատճառով։ Ձմռանը երթևեկությունը դժվարանում է Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի–Կոբի ճանապարհահատվածում հնարավոր ձնահոսքի հետևանքով։
Ամեն օր «Վերին Լարս» անցակետով մոտ 150 հայկական բեռնատար է անցնում։
Այս անցակետը ներկայում միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։